23 Ապրիլի, 2025
Ապրիլի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 58-ամյա Հարություն Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Վարդգես Պետրոսյան փողոցում՝ գրողի հուշարձանի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հարություն Գ.-ն, նրա ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Կարինե Գ.-ն, 25-ամյա Լիլիթ Գ.-ն և 2 տարեկան Հարություն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Քրիստինե Մ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ Աշտարակի բնակիչներ՝ 3 անչափահաս երեխաներ, ովքեր մինչ մեծահասակների ու փրկարարների ժամանումը իրենք են ավտոմեքենայից դուրս բերել վիրավորին, ապա ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, վիրավորներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոցներ:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Քրիստինե Մ.-ն հղի է:

Բոլոր վիրավորներն էլ վարորդի ազգականներն են:

 

Լրահոս