ՔՊ-ն փորձում է Գյումրիում Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքից մանդատ գողանալ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Սոս Հակոբյանը:
Նրա խոսքով, ըստ կարգի` «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը քաղաքապետի արձանագրությամբ ստանալուց հետո Ընտրատարածքային հանձնաժողովը 7 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու համար, ինչը չի արել։
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ղեկավարած «Մեր քաղաքը» դաշինքում համոզված են, որ Կարեն Բադալյանի կամքի վրա ազդեցություն են ունեցել ՔՊ-ից։
«Ոչ ՏԻՄ մասին, ոչ ընտրական օրենսդրությունը չի սահմանում սեփական դիմումից հրաժարվելու որևէ մեխանիզմ, հատկապես երբ արձանագրվել են ավագանու անդամի լիազորությունների դադարեցումը։ ԸԸՀ-ն պետք է ֆիքսեր լիազորությունների դադարեցումը։ Հիմա այս քաղաքական աղմուկի մեջ ԸԸՀ-ն յոթ օր ուներ, որ Գյումրու համայնքի ղեկավարից ստանալով արձանագրությունը՝կազմեր իր արձանագրությունը։ Սակայն ժամկետները լրացել են անգամ աշխատանքային օրերի հաշվարկով, երեկ էր վերջին օրը։ Այսինքն, ԸԸՀ-ն հասարակ գործառույթը չի կատարել։ Պատկերն ամողջացնելու համար ևս մեկ էլեմենտ։ «Դատալեքս» համակարգից տեղեկանում ենք, որ Կարեն Հրայրի Բադալյանից մայիսի 2-ին մուտք է եղել հայց, որով խնդրում է անվավեր ճանաչել համայնքի ղեկավարի արձանագրությունը, որը ֆիքսել է իր հրաժարականը»,-ասաց Սոս Հակոբյանը։