«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) գոյության ընթացքում 2019-2023 թվականների պետբյուջեից արված հատկացումները ընդհանուր առմամբ կազմել են 25 մլրդ դրամ, եւ արդյունքում ԱՆԻՖ-ը, 5 տարի գործելուց հետո, լուծարվել է։ Իսկ հետեւանքները մինչեւ այժմ «քերվում» են ՀՀ պետական բյուջեից։
2024 թվականի հունիսին պաշտոնապես հայտնի էր դարձել, որ Կառավարությունը որոշել է 1,7 միլիարդ դրամ ուղղել Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ANIF-ի պարտավորությունների մարմանը. համապատասխան որոշումը որպես չզեկուցվող հարց էր ներառվել հունիսի 27-ի Կառավարության նիստի օրակարգում։
Բացի այդ, ԱՆԻՖ-ը նախկինում պետական բյուջեից ստացել է մի քանի խոշոր դրամաշնորհներ, ներառյալ՝ 1,8 միլիարդ դրամ 2022 թվականին, եւ եւս 1,8 միլիարդ դրամ 2023 թվականին «Ֆլայ Արնա» ավիաընկերության նախագծի համար։ Ընդհանուր առմամբ, պետական բյուջեից ԱՆԻՖ-ին տրամադրվել է մոտ 25 միլիարդ դրամ, սակայն իրականացված ծրագրերից շատերը չեն հասել իրենց նպատակներին կամ ընդհանրապես չեն իրականացվել։