«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հրահանգով իշխող կուսակցության տարածքային կառույցներին տրվել է հանձնարարական՝ մարտի 1-ից լինել լիարժեք ձևավորված և պատրաստ։
Մեր աղբյուրների հավաստմամբ՝ աշխատանքներն արդեն իսկ ընթանում են հանրապետության ողջ տարածքում։ Տարածքային կառույցներում նկատվում է անսովոր ակտիվություն, արագացված ռեժիմով ընթանում են շտաբների ձևավորման, վարձակալության, կադրերի ներգրավման և կազմակերպչական աշխատանքներ։
Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ շտաբային ակտիվացման ուղիղ հրահանգը Փաշինյանից ուղղահայացով փոխանցվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ով էլ բաշխել է հանձնարարականը տարածքային կառավարման պատասխանատու Խուդաթյանին։
«Նման բան չկա։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը մարզերում գրասենյակներ ունի, դրանք բնականոն աշխատում են։ Այս պահին ինչ-որ հատուկ գործընթաց չկա։ Ինչ վերաբերում է իմ աշխատանքին, ապա, երբ կսկսվի պաշտոնական քարոզարշավը, այդ ժամանակ, օրենքով սահմանված կարգով, ես արձակուրդ կվերցնեմ, կզբաղվեմ այդ հարցերով։ Իսկ հիմա ես ոչ մի հրահանգ չեմ տալիս, ձեզ սուտ տեղեկություններ են փոխանցել»,- հայտարարեց նախարար Խուդաթյանը։
Այսպիսով, պետք է ամփոփել, որ մինչ քաղաքական դաշտում դեռ վերադասավորումներ են՝ թե ով ում հետ պետք է դաշինք կազմի, ՔՊ-ն կոնկրետ գործողություններով անցել է նախընտրական հաջորդ փուլին․ մարդկանց, ռեսուրսների, շտաբների և հնարավորությունների հավաքագրում է անում»։