29 Մարտի, 2026

Հերթով գրասենյակներ բացելով երկիր չեն կառուցում, բայց «Ուժեղ Հայաստան»-ը կարծես որոշել է ապացուցել հակառակը՝ քարտեզի վրա կետ առ կետ «ուժեղանալով»։ Այսօր Գավառ, վաղը մի ուրիշ քաղաք, մյուս օրը՝ մի գյուղ, ու այդպես մինչև վերջում մնում է միայն հարցը՝ իսկ էս ամենը բացի ցուցանակից ինչո՞վ է տարբերվում։

«Ուժեղ Հայաստան»-ը ոչ միայն գրասենյակներ է բացում,այլև «մարդկանց հոսք» է ապահովում՝ ավտոբուսներով։ Էլ ինչ «ջերմ ընդունելություն», եթե պետք է մարդկանց հատուկ տեղափոխել, որ ֆոնը մարդաշատ երևա։ Սա արդեն քաղաքականություն չէ, այլ բեմադրություն՝ լրիվ կազմով, տրանսպորտով ու նախապես գրված սցենարով։

Նարեկ Կարապետյանն էլ հերթով հանդիպում է մարդկանց հետ, նույն խոսքերը տարբեր տեղերում կրկնելով՝ կարծես շրջիկ ներկայացում լինի։ Տեքստը նույնն է, դեմքերը փոխվում են, ծափերը՝ պարտադիր, «ջերմ ընդունելությունը»՝ ավանդական։ Մնում է միայն, որ մի օր այդ նույն խոսքերից գոնե մեկը գործ դառնա, ոչ թե մնա օդում կախված խոստում։

Հերթով բացում եք՝ լավ, բայց հետո՞։ Ամեն նոր գրասենյակ ավելի շատ նման է հերթական նշանին, որ ինչ-որ բան է արվում, առանց իրականում որևէ բան փոխելու։ Եթե «ուժը» այդքան հեշտ լիներ ստեղծել, բավական էր մի քանի բանալի պտտել ու մի քանի ժապավեն կտրել։

Ի վերջո ստացվում է մի պարզ պատկեր,շատ դռներ կան, բայց ներսում՝ դատարկություն։ Իսկ մարդիկ, որոնք այդ դռների առաջ կանգնած են, արդեն վաղուց չեն սպասում նոր բացման արարողության, այլ մի բան, որը գոնե մեկ անգամ կփոխի իրենց իրական կյանքը։

Եվ ամենահետաքրքիրը՝ այդ «ուժեղացումը» կարծես չափվում է ոչ թե արված գործով, այլ բացված դռների քանակով։Իսկ մինչև այդ, մնում է հետևել այս շրջիկ «բացման» շարքին՝ նոր քաղաք, նույն խոսքեր, նույն սցենար, ու նույն դատարկ սպասումներ։

Mnews.am

 

Լրահոս