«Ժողովուրդ օրաթերթ»-ը կրկին անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերին, և այս անգամ ուշադրության կենտրոնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ իր վերջին տարիների ֆինանսական տվյալներով։ Հերթական անգամ բացվել է հայտարարագրերի «ոսկե գիրքը», ու այնտեղից դուրս է եկել մի պատմություն, որը սովորական քաղաքացու համար ավելի շատ ֆանտաստիկ ժանրից է, քան իրական կյանքից՝պետական ծառայող, աշխատավարձով ապրող մարդ, բայց թվերը՝ էնպիսին, որ նույնիսկ բանկերն են աչքերը լայն բացում, իսկ արդյունքը՝ հրաշքով միշտ գումարվում է։
Պատկերը պարզ է,աշխատավարձ՝ կա, տուն՝ կա, այն էլ ոչ թե սովորական, այլ Կոտայքում առանձնատուն՝ հողամասով, վերանորոգում՝ միլիոններով, կողքից էլ դոլարներ՝ թե՛ հաշիվներին, թե՛ կանխիկ։ Էս ամենը՝ մի մարդու մոտ, որի հիմնական եկամուտը, ըստ փաստաթղթերի, պետական աշխատավարձն է։ Եթե սա «մինիմալիզմ» է, ապա ժողովուրդը երևի արդեն «զրոյական կյանքով» է ապրում։
Հետո գալիս է ընտանեկան «բոնուս փաթեթը»՝Գոհար Աբաջյանը որոշում է, որ կյանքը մի քիչ գույնի կարիք ունի, ու գնում է նոր «BMW»՝ մոտ 40 հազար եվրոյով։ Ոչինչ, որ կողքից վարկերն էլ են աճում։ Այսինքն՝ միաժամանակ կարող ես և՛ պարտք ունենալ, և՛ թանկ գնումներ անել, և՛ հազարավոր դոլարներ պահել։ Սա արդեն ոչ թե ֆինանսական կառավարում է, այլ արվեստի նոր ուղղություն։
Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենը լիովին «տեղավորվում է» հայտարարագրերի մեջ։ Թղթերով ամեն ինչ ճիշտ է, թվերով ամեն ինչ համընկնում է, օրենքը չի խախտվում։ Միակ բանը, որ չի համընկնում, հասարակ մարդու տրամաբանությունն է իրականության հետ։ Որովհետև սովորական մարդը նույն պայմաններում առավելագույնը կարող է մտածել՝ կոմունալը ոնց փակել, ոչ թե՝ հաջորդ տունը որտեղ գնել։
Ու էստեղ հարցը նույնիսկ կոնկրետ մարդկանց մասին չէ։ Խնդիրը համակարգն է, որտեղ պետական աշխատավարձով մարդիկ մի կերպ կարողանում են ապրել այնպես, ինչպես միջին բիզնեսմենը էլ չի ապրում։ Իսկ երբ հարցնում ես՝ ո՞նց, պատասխանը լուռ է, բայց հայտարարագրերը՝ շատ խոսուն։
Վերջում մնում է միայն մի բան արձանագրել՝Հայաստանում կա երկու զուգահեռ իրականություն։ Մեկը՝ այն, որտեղ մարդիկ վարկ են վերցնում, որ վարկ փակեն։ Մյուսը՝ այն, որտեղ վարկ են վերցնում, տուն են գնում, մեքենա են փոխում, ու դեռ կանխիկ դոլար էլ է մնում։ Եվ այս երկու իրականությունները հանդիպում են միայն մեկ տեղում՝ հայտարարագրերի թղթերում։