Վերջին զարգացումները, որոնք առնչվում են Գագիկ Բեգլարյանի շուրջ ընթացող դատական գործընթացներին, այլևս չեն տեղավորվում միայն իրավական դաշտում։ Այն, ինչ առաջին հայացքից կարող էր դիտվել որպես հերթական քրեական կամ քաղաքացիական գործ, իրականում վերածվում է շատ ավելի խորքային հարցի՝ քաղաքականության և կուտակված կապիտալի միջև հարաբերության բացահայտման։
Պետական մարմինների կողմից ներկայացվող բազմաթիվ հայցերը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջները և պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքները ձևավորում են մի պատկեր, որտեղ խնդիրը միայն անձը չէ։ Խնդիրը համակարգն է, որի ներսում հնարավոր է եղել կուտակել այնպիսի ծավալի ունեցվածք, որը տարիներ անց դառնում է պետության և իրավապահների ուշադրության կենտրոնում։ Եվ այստեղ արդեն պարզ չէ՝ խոսքը անցյալի՞ մասին է, թե շարունակվող գործընթացի։
Բեգլարյանի երկարատև բացակայությունը հանրային դաշտից այս համատեքստում ստանում է լրիվ այլ իմաստ։ Սա այլևս պարզապես լռություն չէ։ Սա դադար է, որի ընթացքում քաղաքական ներկայությունը փոխարինվել է իրավական պաշտպանությամբ։ Հանրությունը նրան չի տեսել քաղաքական հարթակներում, բայց տեսել է դատարաններում՝ այն ժամանակ, երբ հարցը վերաբերում է սեփական ակտիվներին։ Այս հանգամանքը ինքնին ձևավորում է ընկալում, որ առաջնահերթությունը ոչ թե հանրային գործունեությունն է, այլ անձնական ռեսուրսների պահպանումը։
Այս ֆոնին քաղաքական հնարավոր վերադարձի մասին խոսակցությունները սկսում են այլ կերպ հնչել։ Երբ գործիչը, որի անունը կապվում է բազմամիլիոնանոց գույքային վեճերի հետ, փորձում է նորից մտնել քաղաքական դաշտ, անխուսափելիորեն առաջանում է հարց՝ ինչ նպատակով։ Սա արդյոք հանրային ծառայությա՞ն շարունակություն է, թե ավելի շուտ պաշտպանական ռեակցիա՝ քաղաքական լծակներով ամրապնդելու սեփական դիրքերը։
Առավել խոսուն է այն փաստը, որ այս վերադարձը տեղի է ունենում մի միջավայրում, որտեղ նախկին համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ փորձում են վերակազմավորվել։ Այս համատեքստում Բեգլարյանի հայտնվելը որևէ ցուցակում կամ քաղաքական նախագծում այլևս չի ընկալվում որպես պատահականություն։ Սա ավելի շուտ դիտվում է որպես համակարգված գործընթացի մաս, որտեղ հին կապերը, ֆինանսական ռեսուրսները և ազդեցության մեխանիզմները կրկին բերվում են ակտիվ շրջանառության։
Հասարակական ընկալման մակարդակում սա արդեն վաղուց դուրս է եկել «մեղավոր կամ անմեղ» պարզ հարցից։ Այստեղ խոսքը վստահության մասին է։ Երբ նույն մարդիկ, որոնց գործունեությունը տարիներ շարունակ ասոցացվել է փակ կառավարման և կոռուպցիոն մեխանիզմների հետ, փորձում են վերադառնալ՝ առանց հստակ պատասխանների, դա ընկալվում է ոչ թե որպես նոր սկիզբ, այլ որպես հնի շարունակություն։
Ավելին՝ նման զարգացումները վտանգավոր են հենց քաղաքական դաշտի համար։ Երբ քաղաքականությունը սկսում է ընկալվել որպես անձնական ունեցվածքի պաշտպանության միջոց, այն կորցնում է իր հիմնական իմաստը՝ հանրային շահի սպասարկումը։ Սա բերում է ոչ միայն վստահության անկման, այլ նաև ինստիտուցիոնալ թուլացման, քանի որ համակարգը սկսում է ծառայել ոչ թե հանրությանը, այլ առանձին շահերին։
Ի վերջո, ստեղծված իրավիճակում ամենակարևոր հարցը մնում է նույնը,արդյոք հնարավոր է տարանջատել քաղաքական հավակնությունները այն գույքային և իրավական խնդիրներից, որոնք ուղեկցում են տվյալ գործչին։ Քանի դեռ այս հարցը չունի հստակ և համոզիչ պատասխան, ցանկացած «վերադարձ» ընկալվելու է ոչ թե որպես քաղաքական գործընթաց, այլ որպես ինքնապաշտպանության փորձ։
Եվ որքան էլ ներկայացվի այլ կերպ, ձևավորվող պատկերը բավական հստակ է,սա ոչ թե նոր քաղաքական էջ է, այլ հին պատմության շարունակություն՝ պարզապես այլ փուլում, որտեղ հիմնական պայքարը ոչ թե գաղափարների, այլ ունեցվածքի համար է։
Վերջում մնում է ամենակարևոր հարցը,ինչի՞ համար եք վերադարձել։ Ժողովրդի՞ համար, թե՞ ձեր ունեցածը պահելու համար։ Որովհետև որքան էլ փորձեք դա ներկայացնել որպես քաղաքական առաքելություն, իրականությունը շատ ավելի պարզ է երևում՝ սա պայքար է ոչ թե մարդկանց կյանքի համար, այլ ձեր կուտակածի պահպանման համար։
Եվ հենց այստեղ է ամբողջ խնդիրը,երբ արդեն մի անգամ անցել եք ամբողջ քաղաքական ճանապարհը, եղել եք իշխանության գագաթին, օգտվել եք համակարգի բոլոր հնարավորություններից, ու հիմա նորից եք մտնում նույն խաղի մեջ, դա այլևս դժվար է անվանել ծառայություն հանրությանը։ Սա ավելի շատ նման է փորձի՝ մինչև վերջ պահելու այն ամենը, ինչ արդեն ձեռք եք բերել։
Քրիստինե Ավագյան