21 Ապրիլի, 2026

Կիրակի օրը Գյումրիում կազմակերպված ավտոերթը շատերը փորձեցին ներկայացնել որպես «ուժի ցուցադրում»։ Բայց իրականում դա ավելի շատ մի բան էր հիշեցնում՝ նախընտրական ստուգարք։

Ու այդ ստուգարքը շատ պարզ ցույց տվեց՝ իրական պատկերը ինչպիսին է Շիրակի մարզում։

Մարզպետ Դավիթ Առուշանյան՝ ամբողջ օրը փակ դռների հետևում, մարզպետարանի ներսում մնացած ղեկավար, որը ավելի շատ զբաղված է ներսի «հանդիպումներով» ու ցուցադրական շարժով, քան իրական կապով ժողովրդի հետ։ Բայց մարզում վաղուց պարզ է՝ երբ ղեկավարությունը հեռու է մարդկանց կյանքից, ոչ մի խոսք չի կարող լրացնել այդ բացը։

Գյումրիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ էլ նույն սխալ հաշվարկն էր։ Դավիթ Առուշանյանը Սարիկ Մինասյանին թևի տակ առած շրջում էր քաղաքում՝ վստահ, թե ամեն ինչ վերահսկելի է։ Բայց իրականությունը լրիվ այլ բան ցույց տվեց՝ մարդիկ իրենց ընտրությունը արեցին առանց աղմուկի ու առանց որևէ «ուղղորդման»։

Սարիկ Մինասյան՝ ամենաճոռոմ խոսացող դեմքերից մեկը, որ քաղաքականությունը փորձում է փոխարինել բարձր խոսքերով։ Բայց Գյումրին վաղուց սովորել է տարբերել խոսքը գործից։ Այստեղ խոսքը չի աշխատում, եթե դրա հետևում արդյունք չկա։

Արթիկում պատկերն էլ իր հերթին շատ պարզ քաղաքական իմաստ ստացավ՝Անանիկ Ոսկանյանը, նախկինում գյուղապետ, այսօր արդեն ՔՊ-ի քաղաքապետ, ընտրությունների փուլում մի տեսակ «չեզոք» դիրք է ընտրել՝ հայտարարելով, թե չի միջամտում գործընթացին և չի գնում ձայնի հետևից։ Թղթի վրա դա կարող է ներկայացվել որպես ինքնուրույնության կամ հեռավորության դրսևորում, բայց իրականում համայնքը միշտ էլ գնահատում է ոչ թե լռությունը, այլ պատասխանատվությունը։

Մարալիկում էլ Արման Սարիբեկյանի դեպքում իրավիճակը ավելի պարզ է՝քաղաքը փաստացի ապրում է առանց տեսանելի կառավարման շարժի, որտեղ խնդիրները մնում են նույնը, իսկ լուծումները՝ հետաձգված։

Այս ամբողջ պատկերի ֆոնին Գյումրիի հատվածն է, որ ամենաշատն է աչք ծակում։

Սարիկ Մինասյան՝ մարդ, որի շուրջ տարիներ շարունակ փորձել են ստեղծել քաղաքական կշիռ, բայց որն իրական քաղաքական դաշտում ավելի շատ հայտնվեց բարձր խոսքի և կտրուկ արձագանքների շրջանակում։ Երբ քաղաքականությունը սկսում է կառուցվել անձնական նյարդերով ու ցուցադրական քայլերով, դա արդեն ուժի նշան չէ՝ դա լարվածության նշան է։

Ու հենց այդ պատճառով էլ ավտոերթի նման քայլերը չեն դառնում ուժի ապացույց, այլ ավելի շատ՝ իրական պատկերի ստուգում։

Ժողովրդական լեզվով ասած՝

«քաղաքը չի խաբվում մեքենաներով, քաղաքը ապրում է իր կյանքով»։

Շիրակի մարզի ղեկավարությունը որքան էլ փորձեց գործընթացը ներկայացնել որպես լայն մասնակցություն ունեցող իրադարձություն, փաստերը այլ բան են ցույց տալիս,մարզից մասնակցությունը, ըստ ընդհանուր դիտարկումների, հազիվ հասել է շուրջ 10 տոկոսի, այն էլ հիմնականում պետական ապարատի ներգրավմամբ։ Մնացած մասնակիցները մեծ մասամբ Երևանից կամ այլ մարզերից էին։

Ու սա արդեն ամենախոսուն գնահատականն է,երբ տեղական մասնակցությունը նվազագույն է, իսկ «ուժի ցուցադրությունը» պետք է լրացվի դրսից բերված պատկերով, իրական քաղաքական պատկերը ինքն իրեն է բացվում։

Ու այդ իրականության մեջ խոսքը վաղուց երկրորդ պլանում է, եթե գործ չկա…

«Հունիսի 7-ի ընտրություններին Գյումրին փաստացի արձանագրեց նախնական պարտություն՝ վատ կառավարման պատճառով»:

Mnews.am

Լրահոս