Ս. թ. հուլիսի 19-ին իմ կողմից պաշտոնական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ ՀՀ քաղաքացի, ներկայումս Ադրբեջանի Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ: ՄԻԵԴ-ում հանդես եմ գալու Ռուբեն Վարդանյանի շահերի պաշտպանությամբ:
Գանգատում մանրամասնորեն նկարագրված են Մարդու իրավունքների և հիմնական ազատություների պաշտպանության մասին կոնվենցիայի (Կոնվենցիա) ութ հոդվածների խախտումները և բերված են դրանք հաստատող հիմնավորումներ:
Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը Բաքվի ռազմական դատարանը հրապարակել էր 2026 թվականի փետրվարի 17-ին՝ նրան դատապարտելով 20 տարվա ազատազրկման: Դատարանը դատավճիռն ամբողջությամբ չէր ընթերցել։
Ավելի ուշ, ընտանիքի միջոցով հասանելի դարձած դատավճռից պարզ է դարձել, որ Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 41 դրվագով՝ Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 21 հոդվածների հիման վրա։
Վարդանյանի կողմից քաղաքացիական վարչական պաշտոնի ընդունումը դատարանը գնահատել է որպես իշխանության բռնի զավթում, նրա առևտրային և բարեգործական գործունեությունը՝ որպես ապօրինի ձեռնարկատիրություն և ահաբեկչության ֆինանսավորում, իսկ Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ մուտք գործելը՝ որպես Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատել։
Վարդանյանը չի բողոքարկել դատավճիռը, քանի որ համարել է, որ դատավարությունը եղել է բեմադրված և կանխորոշված, իսկ ներպետական բոլոր միջոցները՝ անարդյունավետ:
Իրականում անկարելի է պաշտպանել իրավունքները մի համակարգում, որն ի սկզբանե մերժում է արդար դատաքննության իրավունքը։ Ուստի Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով:
Սիրանուշ Սահակյան, փաստաբան, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ