«Հրապարակ» օրաթերթը գրում է.
Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա. Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած եւ նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։ Բացի վերը նշված մեղադրանքից, Պիստ Արմենը մեղադրվում է նաեւ շանտաժով եւ սպառնալիքով առանձնապես խոշոր չափի շորթում կատարելու համար։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակության խափանման միջոցը վերջերս փոխվել է տնային կալանքի՝ համակցված գրավով եւ բացակայելու արգելքով։ Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն օրենքով գողերին, քրեական հեղինակություններին փորձում է իրենով անել՝ վախեցնել քրեական վարույթներով ու ստիպել, որ աշխատեն իր օգտին։ Թիրախում են հատկապես հայտնի «ավտարիտետները»։ Պարբերաբար բռնում՝ բաց են թողնում օրենքով գող Զապին, նրա շրջապատի անձանց։ Նախորդ ամիս գրել էինք, որ հերթը հասել է օրենքով գող եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել էր «գողականի» ստատուսի համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել էր կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։ Սա այն Մելքոնյանն է, որը սիրահոժար կալանք է տալիս բոլոր ընդդիմադիրներին։
Հիշեցնենք, որ Պիստ Արմենի որդին՝ Նարեկ Իսրայելյանը, 2022 թվականին Էրեբունիում՝ ավտոտնակում ինքնասպան էր եղել։ Պիստ Արմենը ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի սանիկն է, նաեւ՝ Էրեբունու նախկին թաղապետ Դավիթ Գրիգորյանի մտերիմ ընկերը։