«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու փաթեթը։ Նախագիծը, ըստ էության, կարող է կանաչ լույս վառել խաղային ոլորտի սև շուկայի ավելի լայն տարածման համար։
Այլ կերպ ասած՝ չլիցենզավորված հարթակները կարող են գործել գրեթե առանց որևէ սահմանափակման՝ ընդհուպ մինչև շահած գումարները չվճարելը։ Իսկ քաղաքացին, նման իրավիճակում հայտնվելով, գործնականում զրկված է իրավական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներից, քանի որ պետական մարմինները հաճախ պարզապես հնարավորություն չունեն հետամուտ լինելու այդ օպերատորներին։
Նախագծով առաջարկվում է արգելել խաղային գործունեության շրջանակում կազմակերպվող խաղերին այն քաղաքացիների մասնակցությունը, որոնք օգտվում են պետական բյուջեի ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ իրականացվող սուբսիդավորման որևէ ծրագրից։
Այս ձևակերպումը, թեև գեղեցիկ է հնչում, բայց իրականում սահմանափակվող անձանց շրջանակը կարող է չափազանց լայն լինել։ Խոսքը կարող է վերաբերել ոչ միայն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողներին, այլև գյուղատնտեսական, բիզնես կամ այլ խթանիչ ծրագրերի շահառուներին։ Մինչդեռ այդ ծրագրերից շատերը սոցիալական անապահովության հետ կապ չունեն և ունեն տնտեսական զարգացման կամ խրախուսման նպատակ։ Այսինքն՝ սոցիալապես անապահով խավը չէ միայն։
Նախագծի մեկ այլ դրույթով առաջարկվում է արգելել խաղերին մասնակցությունը կենսաթոշակային տարիքը լրացած այն քաղաքացիներին, որոնց եկամտի միակ աղբյուրը նշանակված կենսաթոշակն է։
Սակայն միայն կենսաթոշակ ստանալու փաստը որևէ կերպ չի նշանակում, որ անձը սոցիալապես անապահով է։ Բացի այդ, նախագծում հստակ չէ, թե ինչ մեխանիզմով և որ մարմնի կողմից պետք է պարզվի՝ տվյալ անձն ունի՞ այլ եկամուտ, թե՞ ոչ։ Պետք է հաշվի առնել նաև, որ բազմաթիվ կենսաթոշակառուներ ունեն խնայողություններ, որոնք կարող են տնօրինել իրենց հայեցողությամբ, այդ թվում՝ խաղադրույք կատարելով։ Սա անվերահսկելի տիրույթ է։
Այս սահմանափակումը կարող է հակառակ արդյունք տալ․ լիցենզավորված կազմակերպություններում խաղադրույք կատարելու հնարավորություն չունենալով՝ այդ անձինք կարող են տեղափոխվել չլիցենզավորված, այսինքն՝ սև շուկայի հարթակներ։
Այս մոտեցման վերաբերյալ առարկություններ ունի նաև կառավարությունը։ Կառավարության դիրքորոշմամբ՝ պետք է ձեռնպահ մնալ խաղերին մասնակցության թույլատրելի չափը տարեկան հայտարարագրված եկամտի նկատմամբ տոկոսային հարաբերակցությամբ սահմանելուց, քանի որ դրա գործնական կիրառումը ներկայումս ևս խնդրահարույց է և վաղաժամ։ Տարեկան եկամտի վրա հիմնված սահմանափակումը կարող է չարտացոլել անձի իրական ֆինանսական կարողությունները։ Հնարավոր են դեպքեր, երբ անձը տվյալ տարում հայտարարագրված եկամուտ չունի, սակայն ունի զգալի խնայողություններ։
Ռիսկն ակնհայտ է․ հայտարարագրման գործող մեխանիզմի պայմաններում հարյուր հազարավոր քաղաքացիների հայտարարագրված եկամուտները կարող են զրոյական լինել՝ օրինակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների, զբաղվածություն չունեցողների կամ անկանոն եկամուտ ունեցող անձանց դեպքում։ Արդյունքում նրանց մասնակցությունը խաղերին կարող է սահմանափակվել՝ անկախ փաստացի ֆինանսական վիճակից։
Այս իրավիճակն էլ, իր հերթին, կարող է խթանել նույն քաղաքացիների տեղափոխումը լիցենզավորված դաշտից դեպի չվերահսկվող, չլիցենզավորված օպերատորներ։
Ստացվում է, որ ընդունվել է նախագիծ, որը կարող է նպաստել սև շուկայի ընդլայնմանն ու չլիցենզավորված օպերատորների դիրքերի ամրապնդմանը։
Պատասխանատու խաղը շահումով խաղերի ոլորտի կարևոր բաղադրիչ է և լայնորեն կիրառվում է աշխարհի տարբեր երկրներում։ Սակայն դրա անվան տակ Հայաստանում ներկայումս առաջ է մղվում մի օրենսդրական նախագիծ, որը կարող է բերել ոչ թե ոլորտի վերահսկելիության բարձրացման, այլ, հակառակը՝ չվերահսկվող խաղային շուկայի ընդլայնման։
Մինչդեռ ակնհայտ է՝ հնարավոր չէ խոսել խաղամոլության դեմ պայքարի կամ պատասխանատու խաղի մասին և միաժամանակ անտեսել սև շուկայի խնդիրը։
Հիշեցնենք, որ խաղադրույքների ծավալները վերջին 8 տարիների ընթացքում խայտառակ մեծացել են՝ 4.3 մլրդ-ից դառնալով մոտ 8 տրիլիոն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։