23 Հուլիսի, 2026
«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և անզիջում դիմակայության մի նոր «ռազմաճակատ», որտեղ խորհրդարանական ամբիոնը վերածվելու է քաղաքական գոյամարտի հիմնական հարթակի: Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների կողմից մանդատները վերցնելու որոշումը ոչ թե հաշտեցման կամ առկա խաղի կանոններն ընդունելու նշան է, այլ գիտակցված քայլ՝ մտնելու մի տարածք, որտեղ սպասվում է ծանր ու դաժան պայքար:
Չնայած ներքին ճնշումներին, ապօրինությունների շղթային և իշխանության ձեռքում կենտրոնացած վարչական ու իրավապահ լծակներին, ընդդիմադիր ուժերը, ինչպես երևում է, ոչ միայն չեն նահանջում, այլև ավելի են ուժեղանում, ինչից էլ այսպես իրար է խառնվում իշխանությունը: Ավելին, ընդդիմության ձեռքին կան հզոր գործիքներ, որոնց գրագետ և արդյունավետ կիրառումը կարող է արմատապես փոխել քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Առաջնային լծակներից մեկը միջազգային հարթակներում ակտիվացումն է: Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ռեպրեսիաներն ու մարդու իրավունքների ոտնահարումները միջազգային հանրությանը փաստարկված ներկայացնելու դեպքում ընդդիմությունը կարող է ստեղծել լուրջ արտաքին ճնշում իշխանությունների վրա:

Մյուս կողմից՝ պայքարի առանցքային ու ամենաարդյունավետ ուղղություններից մեկը դառնալու է հենց տեղերում աշխատանքը և ընտրողների հետ անմիջական, մշտական կապի պահպանումը: Այսօր արդեն իսկ կան հստակ ու տեսանելի օրինակներ, երբ ընտրություններից հետո, օրինակ՝ «Ուժեղ Հայաստանն» ակտիվորեն շրջում է մարզերում, հանդիպում քաղաքացիների հետ և ոչ թե սահմանափակվում միայն քաղաքական հայտարարություններով, այլ սկսել է «հողի վրա» լուծել կոնկրետ, ռեալ խնդիրներ՝ ցուցաբերելով գործնական աջակցություն բնակիչներին: Խորհրդարանական գործիքակազմի, արտաքին ճնշումների և տեղերում իրականացվող այսպիսի հետևողական ու համակարգված աշխատանքի համադրումը կարող է ձևավորել որակապես նոր, գործնական ու ռեալ արդյունք ապահովող խորհրդարանական ընդդիմություն, որն իր արդյունավետ աշխատանքով ի վիճակի է վստահություն ձևավորել հանրության լայն շրջանակներում և հասնել երկրում իշխանափոխության իրականացմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լրահոս