Սամվել Կարապետյանի թիմում վերջին օրերին այնպիսի տրամադրություն է, կարծես ընտրությունները ոչ թե դեռ առջևում են, այլ արդեն ավարտվել են, արձանագրությունները ստորագրված են, ու վարչապետի աշխատասենյակի բանալին էլ գրպանում է։ Լրագրողները փորձում են պարզ հարց տալ՝ եթե հանկարծ ժողովուրդը ուրիշ որոշում կայացնի, մանդատները դնելո՞ւ եք, թե՞ գալու եք խորհրդարան ընդդիմություն աշխատելու։ Բայց դրա փոխարեն ստացվում է հերթական «մենք գնում ենք բացարձակ հաղթանակի» տիպիկ պատասխանն։
Այս ամենը շատ ծանոթ պատկեր է հիշեցնում։ 2021-ին նույն ֆիլմը արդեն տեսել ենք։ Այն ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանի թիմում մարդիկ այնքան էին համոզվել իրենց «անշրջելի հաղթանակի» մեջ, որ ընտրություններից առաջ արդեն վարչապետ էին նշանակում, պաշտոններ բաժանում, ապագա կառավարություն հավաքում։ Մնացել էր միայն ժողովուրդը գար ու իրենց կանխավ գրված սցենարը հաստատեր։ Բայց ժողովուրդը, ինչպես միշտ, իր սյուրպրիզը մատուցեց։
Հիմա նույն հոգեվիճակն է Սամվել Կարապետյանի թիմում։ Մի հատ հարցում են տեսնում, մի երկու ֆեյսբուքյան լայք են հավաքում, մի քիչ էլ շրջապատը «դուխով» խոսում է, ու վերջ՝ արդեն համոզվել են, որ ժողովուրդը հերթ է կանգնել իրենց վարչապետ դարձնելու համար։ Այն աստիճանի, որ նույնիսկ պարտության տարբերակը չեն ուզում արտաբերել, ասես այդ բառը բերելը չար աչք է։
Բայց քաղաքականությունը բակային «ախպեր ջան, մեր գործը պրծած ա» խոսակցություն չէ։ Եթե մտնում ես քաղաքական պայքարի մեջ, պիտի ունենաս ոչ միայն հաղթանակի կենացը խմելու սցենար, այլ նաև պարտության դեպքում քեզ պահելու կուլտուրա։ Հակառակ դեպքում ստացվում է հերթական փուչիկը, որը մինչև ընտրությունները օդով լցվում է, հետո մեկ օրում պայթում իրականության պատին։
Ի վերջո, Հայաստանում ընտրությունների արդյունքը որոշում է ոչ թե թեկնածուի շրջապատի էյֆորիան, ոչ էլ «մենք արդեն հաղթել ենք» տրամադրությունը, այլ ժողովուրդը։ Իսկ ժողովուրդը մեկ սովորություն հաստատ ունի՝ շատ հաճախ քաղաքական գործիչներին իջեցնում է իրենց երևակայական ամպերից հենց քվեատուփի մոտ։
«Հաղթել ենք արդեն» տրամաբանությունը քաղաքականության մեջ հաճախ ավարտվում է ծանր վայրէջքով»:
Mnews.am