13 Մայիսի, 2026

«Առաջինից մինչև 10-րդ դասարան բացարձակ գերազանցիկ եմ եղել»․-ասում է մարդը, որը «հաղթարշավ» բառն արտաբերելու համար երեք փորձ, չորս դադար ու հինգ ծափահարություն էր պետք ունեցել։

Պարզվում է՝ Հայաստանում նոր չափանիշ կա,եթե միլիարդատեր ես, կարող ես բառերը չիմանալ, բայց փոխարենը հիշել, որ դպրոցում գերազանցիկ էիր։ Ժողովուրդն էլ պետք է հուզվի, հավատա ու մտածի՝ երևի հայոց լեզուն է մեղավոր, ոչ թե դու։

Սամվել Կարապետյանի վերջին ելույթը հերթական անգամ ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ ռուսական բիզնես միջավայրում տասնամյակներով ապրած օլիգարխը հանկարծ որոշում է «հայրենասիրական» քաղաքականություն խաղալ։ Մարդը ժողովրդի հետ խոսել չի կարողանում, բայց եկել է պետություն ղեկավարելու հավակնությամբ։

Ամենազավեշտալին այն է, որ դահլիճում ներկաներից մի մասը ծիծաղում էր, մյուս մասը՝ ծափ տալիս։Այսինքն՝ մարդը բառը չի կարողանում ասել, բայց կուսակցական ակտիվը դա ընդունում է որպես քաղաքական խարիզմա։

Այս մակարդակի քաղաքական մշակույթի դեպքում վաղը կարող են ասել՝ «չի խոսում, որովհետև շատ խորն է մտածում»։ Այսինքն՝ քաղաքական թիմն այնքան է իջեցրել նշաձողը, որ արդեն նորմալ հայերեն խոսելն էլ պարտադիր պայման չի համարվում։

Իսկ երբ նույն ճամբարում Ռոբերտ Քոչարյանն էլ «եվրոպականը» դարձնում է «եվրոպապայան», ստացվում է, որ ամբողջ քաղաքական թիմը լեզվական «հաղթարշավի» մեջ է։ Մի տարբերությամբ՝ հաղթարշավը դեռ չեն կարողանում արտասանել։

Հայաստանի դժբախտություններից մեկն էլ այն է, որ տարիներով փող ունեցող մարդկանց փորձել են ներկայացնել որպես մտածող էլիտա։ Բայց փողը կրթություն չի նշանակում, առավել ևս՝ մշակույթ, լեզու կամ պետական մտածողություն։

Սա արդեն պարզապես լեզվի սայթաքում չէ։ Սա քաղաքական ու մտավոր դատարկության բացահայտ ցուցադրություն է, երբ փողն ու ազդեցությունը փորձում են ներկայացնել որպես կրթություն, ինտելեկտ ու պետական մտածողություն։

Ու ամենավտանգավորն այն է, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, որոնք օլիգարխի ամեն բառասխալից հետո ոչ թե հարց են տալիս, այլ ավելի բարձր են ծափ տալիս։

Ժողովուրդը հիմա ոչ թե «գերազանցիկների» մասին պատմություններ է ուզում լսել, այլ նորմալ խոսող, պատասխանատու ու իրականությունից չկտրված ղեկավարներ։

Քրիստինե Ավագյան

Լրահոս