13 Մայիսի, 2026

Որպեսզի Հայաստանի գյուղատնտեսությունը դադարի լինել մշտական ռիսկի գոտի և վերածվի կանխատեսելի ու շահութաբեր բիզնեսի, պետությունը պարտավոր է ներդնել մեխանիզմներ, որոնք ֆերմերին եկամուտ կերաշխավորեն դեռևս ցանքսի աշխատանքները սկսելուց առաջ։ Այդ մասին մայիսի 11-ին Արարատի և Արմավիրի մարզերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Սամվել Կարապետյանը։

Ուժեղ Հայաստան»-ը գտել է դարի լուծումը,գյուղացին ցանքից առաջ պիտի իմանա՝ ինչքան փող է ունենալու գրպանում։ Մնաց միայն մի փոքր հարց՝ ո՞վ է այդ փողը դնելու գրպանը, երբ շուկան, եղանակը, արտահանումը ու տնտեսությունը կանխատեսումներով չեն աշխատում։

Տարիներով բանկերից օգտվել, վարկ վերցնել, հետո հանկարծ հայտարարել «վարկային ստրկությունից հրաժարում»՝ նույնն է, ինչ հրդեհից հետո ասել՝ «մենք կրակի դեմ ենք»։ Իսկ «եթե շահույթ չկա՝ վարկ մի վերցրեք» խորհուրդը գյուղացու համար մոտավորապես այն մակարդակի «տնտեսագիտական հեղափոխություն» է, ինչ «եթե անձրև է գալիս՝ չթրջվեք»։

Սամվել Կարապետյանի խոսքերով՝ պետությունը պետք է երաշխավորի եկամուտ։ Հրաշալի է հնչում։ Բայց երբ պետությունը դեռ չի կարողանում գյուղացու բերքի իրացումը կազմակերպել, ոռոգման ջուրն ապահովել կամ կարկուտից պաշտպանել, արդեն խոսում են «երաշխավորված շահույթից»՝ ասես Հայաստանը նավթային էմիրություն լինի։

Իրականում գյուղացիներին պետք են ոչ թե բեմական կարգախոսներ ու «ուժեղ» անվանումներով դաշինքներ, այլ նորմալ սուբսիդիաներ, ապահովագրություն, շուկաներ և կանխատեսելի տնտեսություն։ Մնացածը նախընտրական բեմադրություն է՝ հայրենասիրական երաժշտության տակ։

Լրահոս