«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԿԸՀ-ում հրապարակված 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որտեղ ներկայացված են կուսակցության ֆինանսական մուտքերը և ֆինանսական կառուցվածքը։
Եկամուտների մասով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է մի քանի աղբյուրներից ֆինանսավորում, այդ թվում՝ պետական ֆինանսավորում ՀՀ ԱԺ աշխատակազմից՝ 234,727,890 ՀՀ դրամ, ահռելի նվիրատվություններ՝ 481,790,400 ՀՀ դրամ, անդամավճարներ՝ 129,524,599 ՀՀ դրամ, ինչպես նաև դատական ծախսերի փոխհատուցումներ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ից՝ 120,000 ՀՀ դրամ և «24 Նյուզ» ՍՊԸ-ից՝ 446,000 ՀՀ դրամ։
Համեմատության համար՝ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած նախորդ հաշվետու ժամանակաշրջանի տվյալներով՝ 2024 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կուսակցությունը ստացել է 254 մլն 900 հազար դրամ պետական ֆինանսավորում, 276 մլն 482 հազար դրամ նվիրատվություն, 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն և 123 մլն 93 հազար դրամ անդամավճարներ։
Այս տվյալները ցույց են տալիս, որ տարբեր հաշվետու ժամանակահատվածներում կուսակցության ֆինանսավորման հիմնական աղբյուրները շարունակում են մնալ պետական ֆինանսավորումն ու խոշոր նվիրատվությունները։
Իսկ նվիրատուների մեծ մասը անանուն են․ այն, ինչ ժամանակին քննադատում էին նախկին իշխանություններին վերագրելով՝ անանուն ֆինանսավորողներ ունենալու համար, հիմա անում է հենց ՔՊ-ն»։