26 Մայիսի, 2026
Հայաստանի  իշխանությունները աջակցություն են փնտրում սպառնալիքի աղբյուրից, և դրա պատասխանատվությունը իրենք են կրելու։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգու-ն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում։

«Ընդհանուր առմամբ խնդիրները շատ են, և դրանք համատեղ լուծելն անհամեմատ ավելի արդյունավետ է։ Ափսոս, որ Կազմակերպությունում մեր հայ գործընկերները դա չեն հասկանում և պաշտպանություն են փնտրում անմիջական սպառնալիքի աղբյուրից», — ասել է Շոյգուն, որին մեջբերում են ռուսական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարության որդեգրած ուղին հենց իր ընտրությունն է. «Սա Հայաստանի ղեկավարության ընտրությունն է և նրա պատասխանատվությունը՝ իր երկրի ու ժողովրդի ապագայի համար»։

Շոյգուն պնդում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտում արդեն առկա վտանգների ու մարտահրավերների հետ մեկտեղ առաջանում են նաև նոր մարտահրավերներ և սպառնալիքներ։

«Հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմաններում։ Հիմնական սպառնալիքը բխում է ՆԱՏՕ բլոկից և դրա կազմում ընդգրկված այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ընկել են ռևանշիստական և միլիտարիստական մոլուցքի մեջ», — հայտարարել է նա։

Լրահոս