Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի ներկայացուցիչների հետ հարգանքի տուրք է մատուցել զոհված ուկրաինացի զինվորների հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է X-ում։
Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան բարձր է գնահատում դաշինքի ներկայացուցիչների կողմից հարգանքի այս դրսևորումը զոհված զինվորների նկատմամբ, որոնք պաշտպանել են երկիրը և ամբողջ Եվրոպան Ռուսաստանից:
Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Կիևում հանդիպել և ողջունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին, որը մայրաքաղաք է ժամանել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցությունների և կարևոր հանդիպումներ անցկացնելու նպատակով։
«Մենք խորապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի միասնությունն ու ուժն Ուկրաինային աջակցելու հարցում, մինչ մենք միասին պաշտպանում ենք տրանսատլանտյան անվտանգությունը», – գրել է Սիբիհան X-ում: