Արևմուտքն ու ԱՄՆ-ն Հայաստանին մոտենում են «վերցնելու և թալանելու» տրամաբանությամբ, նրանց հետաքրքրում են երկրի հազվագյուտ հողային ռեսուրսները։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Արևմուտքում դեռևս գործում է «վերցնելու, թալանելու, յուրացնելու, նվաստացնելու և ոչնչացնելու» մոտեցումը, որը կիրառվում է նաև Կովկասում։
Որպես օրինակ նա հիշատակել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան՝ նշելով, որ ստորագրվել են ոչ թե պարտադիր իրավական ուժ ունեցող միջազգային պայմանագրեր, այլ հայտարարագրային բնույթի փաստաթղթեր։ Միաժամանակ, ըստ նրա, ակնհայտ է ԱՄՆ հետաքրքրությունը ռեսուրսատար և հազվագյուտ հողային մետաղների ոլորտների նկատմամբ։
«Այսինքն՝ որևէ պատասխանատվություն չեն ստանձնում, բայց փորձում են ամրագրել իրենց հետաքրքրությունը այն ոլորտների նկատմամբ, որոնք կարևոր նշանակություն ունեն ապագա զարգացման համար՝ թվայնացման, բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության պայմաններում», — ասել է Զախարովան։
Նա հիշեցրել է, որ նմանատիպ փաստաթղթեր ստորագրվել էին նաև ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք՝ հարց բարձրացնելով, թե դրանցից ինչն է իրականում իրականացվել։
Զախարովան ընդգծել է, որ աշխարհում տասնամյակներ և նույնիսկ դարեր շարունակ շարունակվում է պայքարը ռեսուրսներով հարուստ տարածաշրջանների համար, մինչդեռ Ռուսաստանը, նրա խոսքով, առաջարկում է այլ մոտեցում՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերություններ՝ առանց այլ երկրների ռեսուրսները յուրացնելու փորձերի։
Տեսանյութը՝ հղմամբ: