«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ընդդիմադիր պատգամավոր ընտրվելը քրեական հետապնդման հիմք է դառնում. ՀՀ դատախազությունը ԿԸՀ-ից թույլտվություն է խնդրում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ վարույթներ սկսելու համար
Հատկանշական է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Թեև վարչապետը չէր ներկայացրել կոնկրետ գործերի կամ իրավական հիմքերի վերաբերյալ մանրամասներ, բայց դա այս դեպքում էական էլ չէ։
«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության կողմից որպես հիմնական քաղաքական հակակշիռ դիտարկվող ազդեցիկ ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրավապահ մարմինները կարող են հերթականությամբ նախաձեռնել նոր վարույթներ՝ կարևոր չէ, թե ինչ հիմքով կամ հիմնավորվածությամբ։ Իշխանությունը մտադիր չէ հրաժարվել իր հրապարակային քաղաքական օրակարգից։
Ընդդիմադիր շրջանակներում այս զարգացումները գնահատվում են որպես քաղաքական ճնշումների հնարավոր նոր փուլ՝ հատկապես այն պայմաններում, երբ ընդդիմությունը պատրաստվում է Սահմանադրական դատարանում վիճարկել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Նրանց համոզմամբ՝ իրավապահ համակարգի միջոցով ընդդիմության առանցքային դերակատարների նկատմամբ գործողությունները կարող են էական ազդեցություն ունենալ հետընտրական քաղաքական գործընթացների չեզոքացման վրա։
Թե ինչ որոշում կկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ինչ իրավական հիմնավորումներ են ներկայացվել դատախազության միջնորդություններում, պարզ կդառնա առաջիկայում։ Սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ հետընտրական քաղաքական պայքարը մտնում է նոր և լարված փուլ, և Նիկոլ Փաշինյանի նախկին աշխատակից, ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կանի այնպես, ինչպես կցանկանա Փաշինյանը»։