17 Հունիսի, 2026
Հայաստանի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) քննարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ Վարույթը հարուցվել է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դիմումի հիման վրա։
Նիստի սկզբում դատավոր Արմեն Վարոսյանը առարկել է նիստի տեսաձայնագրմանը՝ նշելով, որ հրապարակված տեսանյութը կարող է օգտագործվել իր դեմ, այդ թվում՝ իր վարույթում գտնվող գործերի մասնակիցների կողմից։ Սակայն ԲԴԽ-ն, հղում անելով իր աշխատակարգին և կարգապահական վարույթների հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքներին, որոշել է շարունակել նիստի տեսաձայնագրումն ու հրապարակումը։

Հանձնաժողովի ներկայացմամբ՝ կարգապահական վարույթի հիմքում Էդվարդ Ներսիսյանի բողոքի քննության հետ կապված դեպքն է։ Դեռևս 2024 թվականի նոյեմբերի 6-ին դատավոր Արմեն Վարոսյանը վարույթ էր ընդունել Ներսիսյանի բողոքը և որոշել այն քննել գրավոր ընթացակարգով՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 2024 թվականի դեկտեմբերի 3-ը։ Սակայն 2026 թվականի մարտի դրությամբ դատական տեղեկատվական համակարգում որևէ տեղեկություն չէր եղել բողոքի վերաբերյալ վերջնական որոշման մասին, իսկ դիմող քաղաքացին ևս չէր ստացել դատական ակտը։

Հանձնաժողովի ուսումնասիրությամբ պարզվել է, որ համապատասխան որոշումը փաստացի հրապարակվել է միայն 2026 թվականի ապրիլի 10-ին՝ շուրջ մեկ տարի և չորս ամիս ուշացումով։

Հանձնաժողովը նշել է, որ այդ ընթացքում խախտվել են ինչպես բողոքի քննության, այնպես էլ դատական ակտը կողմին ուղարկելու օրենքով սահմանված ժամկետները։ Ըստ հանձնաժողովի՝ նման ուշացումը չի կարող արդարացվել միայն ծանրաբեռնվածությամբ, քանի որ ուսումնասիրության արդյունքում դատավորը չի համարվել տվյալ դատարանի ամենածանրաբեռնված դատավորը։

Հանձնաժողովի ներկայացուցիչների գնահատմամբ՝ խախտման հիմնական հետևանքը ոչ միայն դատավարական ժամկետների խախտումն է, այլև դատական իշխանության հեղինակության վնասումը։ Նրանց կարծիքով՝ քաղաքացին, որի բողոքը պետք է քննվեր մեկամսյա ժամկետում, ավելի քան մեկ տարի մնացել է անորոշության մեջ և իր դատական ակտը ստացել է միայն այն բանից հետո, երբ դատավորի նկատմամբ արդեն կարգապահական վարույթ էր հարուցվել։

Հանձնաժողովը նաև ընդգծել է, որ դատավորի կողմից թույլ տրված խախտումները, իրենց գնահատմամբ, կատարվել են կոպիտ անփութությամբ և պարունակում են կարգապահական պատասխանատվության հիմքեր։

«Խախտումը ընդունում եմ, բայց պատճառը ծանրաբեռնվածությունն է»

Իր հերթին Արմեն Վարոսյանը չի վիճարկել դատական ակտի ուշ տրամադրման փաստը, սակայն պնդել է, որ խոսքը մեկ, այլ ոչ թե երկու առանձին խախտումների մասին է։ Նրա խոսքով՝ բողոքի քննությունն ըստ էության իրականացվել էր, իսկ խնդիրը կապված էր դատական ակտի ձևակերպման և կողմին տրամադրման ուշացման հետ։

Դատավորը հիմնական պատճառ է ներկայացրել քրեական մասնագիտացման դատավորների գերծանրաբեռնվածությունը։ Նրա խոսքով՝ Կոտայքի մարզի դատարանում ծանրաբեռնվածությունը հասել է շուրջ 300 տոկոսի, ինչի հետևանքով առաջնահերթություն է տրվել ազատազրկման, կալանքի, պայմանական վաղաժամկետ ազատման և այլ հրատապ հարցերի քննությանը։

Վարոսյանը նաև նշել է, որ տվյալ գործով իրական դատավարական հետևանքներ չեն առաջացել, քանի որ բողոքը վերաբերում էր քրեական վարույթ չնախաձեռնելու որոշմանը, և հետագայում վերաքննիչ դատարանը ևս համաձայնել է առաջին ատյանի դատարանի դիրքորոշմանը։

Նիստի ընթացքում լարված քննարկում է ծավալվել ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցի և հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանի միջև՝ խախտման հետևանքների գնահատման շուրջ։ Թումանյանցը փորձել է պարզել, թե արդյոք այն հանգամանքը, որ բողոքը վերջնական արդյունքում մերժվել է, կարող է ազդեցություն ունենալ խախտման գնահատականի վրա։ Քննարկման ընթացքում կողմերի միջև առաջացել է բանավեճ, ինչից հետո ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը միջամտել է՝ կոչ անելով պահպանել պատշաճ վարքագիծը։

Հետագայում Հովհաննիսյանը ներողություն է խնդրել, եթե իր արտահայտությունները ընկալվել են որպես անհարգալից վերաբերմունք ԲԴԽ անդամների նկատմամբ։

Նիստի ընթացքում լսվել են կողմերի դիրքորոշումները, հարցուպատասխան է տեղի ունեցել հանձնաժողովի ներկայացուցիչների և դատավորի միջև։ ԲԴԽ-ն խորհրդակցական սենյակում կգնահատի ներկայացված փաստարկներն ու որոշի՝ արդյոք Արմեն Վարոսյանի գործողություններում առկա են կարգապահական խախտման հիմքեր և արդյոք նա պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության։

Սկզբնաղբյուր կայք՝  Իրավաբան.net

Լրահոս