Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» եզրային հարձակվող Կարիմ Ադեյեմին դարձավ կատալոնական «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ Այս տեղեկությունը հաստատել է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Մի շարք ԶԼՄ-ների պնդմամբ՝ տրանսֆերի հավանական դրդապատճառներից մեկն էլ եղել է Ադեյեմիի ընկերուհու ցանկությունը. նա այլևս չի ցանկացել ապրել Դորտմունդում։
Հատկանշական է, որ սա «Բարսելոնայի» արդեն երրորդ գործարքն է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ավելի վաղ կատալոնական ակումբը 70 միլիոն եվրոյի դիմաց անգլիական «Նյուքասլից» ձեռք էր բերել Էնթոնի Գորդոնին, որից հետո 1,5 միլիոն եվրոյով իր շարքերն էր համալրել Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեն ներկայացնող «Ալ-Ահլիի» երիտասարդ հարձակվող Համզա Աբդելքարիմով։
Հիշեցնենք, որ Կարիմ Ադեյեմին «Բորուսիայի» գույները պաշտպանում էր 2021 թվականից։ Այդ ընթացքում նա գերմանական թիմի կազմում անցկացրել է ընդհանուր առմամբ 146 հանդիպում՝ դառնալով 36 գոլի և 25 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 40 միլիոն եվրո։