Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայացած «Հայաստանի մաքսային համակարգում արհեստական բանականության կիրառում և կառավարում» թեմայով դասընթացին։
Մաքսային գործառնություններում խելացի սարքավորումների կիրառման շրջանակում ուսումնասիրվել են նաև դրանց օգտագործման հնարավորություններն ու մեխանիզմները, ինչպես նաև ԱԲ կիրառմամբ այդ սարքավորումներից ստացվող տվյալների և նկարների վերլուծության ու որոշումների կայացման եռաստիճան համակարգը։ Դասընթացին զուգահեռ ՊԵԿ աշխատակիցները մասնակցել են լիազորված տնտեսական օպերատորների ծրագրի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններին։ Բացի ակադեմիական ծրագրից, հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև ուսումնական շրջայցերի, որոնց միջոցով հնարավորություն է ընձեռվել ավելի լավ ճանաչել Չինաստանի տնտեսական զարգացումը, տեխնոլոգիական առաջընթացն ու մշակութային ժառանգությունը։
Պատվիրակության կազմում բացի ՊԵԿ աշխատակիցներից ընդգրկված էին նաև ՀՀ էկոնոմիկայի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների ներկայացուցիչներ։ Այս նախաձեռնությունը ֆինանսավորվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից և իրականացվել է Չինաստանի մաքսային գլխավոր վարչության ու Շանհայի մաքսային համալսարանի ջանքերով։ Հայկական պատվիրակության Չինաստան այցի նախապատրաստման հարցում աջակցել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանությանը։
Երկու երկրների միջև ձևավորված մասնագիտական կապերը, կիրառելի լավագույն փորձը և նոր գիտելիքները կծառայեն Հայաստանի մաքսային վարչարարության թվային վերափոխման, ինչպես նաև Հայաստանի և Չինաստանի մաքսային մարմինների միջև հետագա սերտ համագործակցության զարգացման համար։
Ձեռք է բերվել փոխադարձ պայմանավորվածություն՝ շարունակելու երկու երկրների միջև մաքսային համագործակցությունը՝ ուղղված երկկողմ առևտրի հետագա խթանման և ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, մաքսային սպասարկման և հսկողության մեթոդների արդիականացման ու զարգացման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև ՀՀ և ՉԺՀ լիազորված տնտեսական օպերատորների փոխճանաչման համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքների շարունակմանը։