Հրապարակվել է հատված՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի աշխատությունից․
Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ` հաղթանակի փառքի պսակի համար:
Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում` որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:
Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:
Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը` փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:
Շարունակելի…
Բագրատ արք. Գալստանյան»։