bot-trap
Skip to main content

mnews

22 Հուլիսի, 2026

Դոնալդ Թրամփից ընդամենը մի քանի օր պահանջվեց, որպեսզի օգտվի Զոհրան Մամդանիի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին (որի նկատմամբ Միջազգային քրեական դատարանը ձերբակալման հրամանագիր է արձակել), ձերբակալելու նախընտրական խոստումից չհրաժարվելու փաստից եթե նա հայտնվի քաղաքում:

«Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ոչ մի տեսքով և ոչ մի հանգամանքում, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում»,- երկուշաբթի Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Թրամփը:
Նախագահի պատասխանը բարձրացրեց դաշնային իշխանության և մի ժամանակ իր տունը համարած քաղաքի հնարավոր ընդհարման հարցը:

Սակայն այդ քայլի իսկական նշանակությունը անհամեմատ ավելի խորն է, գրում է CNN-ը:

Դա Թրամփի սովորության դասական օրինակ է, երբ նա կառչում է տեղեկատվական առիթից կամ կոնկրետ անձնավորությունից՝ ավելի մասշտաբային քաղաքական սկանդալ բորբոքելու համար: Նա ոչ միայն պաշտպանում էր իր դաշնակից Նեթանյահուին (և, հնարավոր է, ձևավորում առաջնորդի մոտ, ում հետ վերջին շրջանում լարված հարաբերություններ ուներ, պարտավորվածության նոր զգացում): Թրամփը նաև հող էր նախապատրաստում միջանկյալ ընտրությունների համար իր նոր նարատիվի համար՝ չափազանց ծայրահեղական դարձած Դեմոկրատական կուսակցության մասին:

Սակայն և՛ Թրամփը, և՛ Մամդանին կարող են շահագրգռված լինել Նեթանյահուի շուրջ հակամարտության մեջ. մի վեճ, որն շատ ավելի խոր ներքին հետևանքներ ունի, քան Գազայում իսրայելական հարձակման ընթացքում քաղաքացիական անձանց մահվան վերաբերյալ արտաքին քաղաքական տարաձայնությունները:

Ուստի այնքան էլ կարևոր չէ՝ արդյոք Մամդանին իսկապե՞ս կարող է ձերբակալել Նեթանյահուին: (Դա ոչ միանշանակ հարց է, քանի որ ԱՄՆ-ը չի վավերացրել Հռոմի ստատուտը, որը պարտավորեցնում է մասնակից պետություններին ձերբակալել այն անձանց, ում նկատմամբ ՄՔԴ-ն ձերբակալման հրամանագիր է արձակել: Բացի դրանից, Վաշինգտոնը վաղուց թույլատրում է նույնիսկ թշնամական երկրների ղեկավարներին՝ Իրանից մինչև Կուբա, այցելել Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար):

Փոխարենը, մենք ականատես ենք լինում այն դեպքին, երբ պայքարի բուն գործընթացն ավելի կարևոր է, քան դրանում հաղթանակ տանելը:

Դա նաև ցուցիչ է այն բանի, թե ինչպես է ամերիկյան քաղաքականությունը հեռանում Իսրայելին պատմականորեն ցուցաբերվող և գրեթե համընդհանուր աջակցությունից, և մի պահ, որը նկարագրում է հենց Դեմոկրատական կուսակցության ավելի լայն էվոլյուցիան:

Մամդանին պատկանում է դեմոկրատների նոր սերնդին, որոնք որդեգրել են կտրուկ հակաիսրայելական հռետորաբանություն, ինչը հիացմունք է առաջացնում կուսակցության ձախ թևի շրջանում: Նեթանյահուին ձերբակալելու նախընտրական խոստումից չհրաժարվելը ցույց է տալիս, որ Մամդանին պահպանում է արշավի ընթացքում նվաճած քաղաքական կապիտալը. դա կենսական նշանակություն ունի նրա առաջադեմ ծրագրի իրականացման համար՝ ըմբոստ-աութսայդերի դերից պետական կառավարչի դերին անցնելիս:

Մամդանինի հայացքները Իսրայելի վերաբերյալ դարձել են հավատամքի հարց բազմաթիվ առաջադեմ և երիտասարդ դեմոկրատների համար, որոնք համոզված են, որ Նեթանյահուն տասնյակ հազարավոր պաղեստինցի քաղաքացիական անձանց ցեղասպանություն է իրականացրել: Իսրայելի վարչապետի «բուն տեղը Հաագայում է: Նա ռազմական հանցագործ է, որին մեղադրում է Միջազգային քրեական դատարանը»,- կարծիք, որը «կիսում են շատերը», հայտարարել է Մամդանին The New York Times-ի նույն փոդքասթում, որտեղ նշել է, որ Նեթանյահուի հարցով խորհրդակցում է իր իրավական խորհրդատուների հետ:

Ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի վարչակազմերը պնդում էին, որ Իսրայելի գործողությունները ցեղասպանության համազոր չեն:

Սակայն որոշ առանցքային դեմոկրատներ ձևավորում են հակաիսրայելական պատճառաբանություն, որը դուրս է գալիս Գազայի շրջանակից և շոշափում է առաջիկա միջանկյալ ընտրությունների գլխավոր հարցը՝ միջին դասի համար կյանքի արժեքի մատչելիությունը: «Ես ցանկանում եմ, որ իմ հարկային դոլարները ծախսվեն այստեղ՝ Միչիգանում, Միչիգանի դպրոցների, Միչիգանի առողջապահության, Միչիգանում ներդրումների վրա, այլ ոչ թե ուղարկվեն արտասահման՝ ցեղասպանության և ապարտեիդի պատճառով պաղեստինցիներ սպանելու համար»,- հուլիսի 2-ին CNN-ի եթերում հայտարարել է Միչիգան նահանգից Դեմոկրատական կուսակցության Սենատի թեկնածու Աբդուլ Էլ-Սայեդը:

Նեթանյահուի պատճառով լայնամասշտաբ թշնամանքը նոր շրջադարձ կդառնա Թրամփի և Մամդանիի հարաբերություններում: Անցյալ տարի Օվալաձև աշխատասենյակում անցկացված հանդիպման ժամանակ նրանց միջև որոշակի «բրոմանս» էր առաջացել: «Ես շատ լավ եմ յոլա գնում նրա հետ: Մենք լավ հանդիպումներ, լավ զրույցներ ենք ունեցել, և նա այնպիսին է, ինչպիսին կա»,- հունվարին ասում էր Թրամփը:

Լինելով լիովին տարբեր տարիքով, գաղափարախոսությամբ և խառնվածքով՝ Թրամփն ու Մամդանին ունեն ընդհանուր առանցքային գծեր: Երկուսն էլ ձգտում են հաճոյանալ իրենց ընտրազանգվածին պոպուլիստական քաղաքականությամբ և օժտված են քաղաքական հաղորդակցության բարձր զարգացած հմտություններով:

Մամդանիին ձեռնտու է հակամարտության մեջ մտնել Թրամփի հետ, քանի որ դա ընդգծում է նրա ազդեցությունը որպես ազգային մասշտաբի գործչի: Մինչդեռ նախագահը միշտ հարմար առիթ է փնտրում հարձակման համար:

Նեթանյահուի պատճառով Մամդանիի հասցեին Թրամփի հարձակումները բավականին չափավոր էին թվում Truth Social-ում նրա հրապարակումների ընդհանուր ֆոնին: Ընդսմին, դրանք ճանապարհ են բացում այն հնարավորության համար, որ Նյու Յորքի դերը՝ որպես Դեմոկրատական կուսակցությունում հակաիսրայելական շրջադարձի առաջամարտիկի, շուտով կդառնա Սպիտակ տան փաստարկն օգուտ այն բանի, որ ամբողջ կուսակցությունը դարձել է չափազանց արմատական ամերիկացիների մեծամասնության համար:

Միջանկյալ ընտրությունների շեմին Մամդանին կարող է Թրամփի համար դառնալ ամբողջ Դեմոկրատական կուսակցության մարմնավորումը:

Թրամփն նախկինում ևս անում էր դա: Նա Նյու Յորքից կոնգրեսական Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին, որը նույնպես դեմոկրատական սոցիալիստ է, ներկայացնում էր որպես ամբողջ կուսակցության դեմք: Իսկ Վերմոնտից անկախ սենատոր Բերնի Սանդերսին՝ դեմոկրատներից նախագահի նախկին թեկնածուին, նա անվանում էր «խենթ»:

Դեմոկրատներն ունեն էական շանսեր նախագահի կուսակցության դեմ նոյեմբերին անցկացվելիք ընտրություններում, քանի որ հարցումները ցույց են տալիս, որ երկիրը կորցրել է հավատը տնտեսության նրա կառավարման նկատմամբ և տեսնում է գնանկման վերաբերյալ խոստումների չկատարումը:

Սակայն եթե Թրամփին հաջողվի գաղափարախոսական կամ մշակութային բախումներ հրահրել, նա կկարողանա խանգարել դեմոկրատներին իրենց կողմը գրավել բանվոր դասակարգի ավելի պահպանողական սպիտակամորթ ընտրողներին, որոնք մտնում էին նրա 2024 թվականի կոալիցիայի մեջ:

Դեմոկրատներն արդեն շարժվում են դեպի լուրջ պառակտում Իսրայելի պատճառով, քանի որ կուսակցության ավելի չափավոր անդամները զգուշացնում են, որ հականեթանյահուական հռետորաբանության մի մասը սահմանակից է հակասեմիտիզմին: Թրամփը նույնիսկ ակնկալում է գրավել հրեա ընտրողների մի մասին, որոնք  ավանդաբար քվեարկում էին դեմոկրատների օգտին:

Ներկա պահին Գազայի պատերազմի պատճառով ամենաակնհայտ պառակտումը նկատվում է հենց Դեմոկրատական կուսակցության ներսում: Եվ Թրամփն ունի բոլոր հիմքերը՝ օգտագործելու Մամդանիի նման գործչին՝ այդ ճեղքվածքն ավելի խորացնելու համար:

News.am

Լրահոս