Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Infiniti մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված 31-ամյա Արթուր Փարսյանին պատկանող Mercedes մակնիշի, 59-ամյա Ավետիք Ղուկասյանին պատկանող Isuzu մակնիշի, 26-ամյա Կարապետ Առաքելյանին պատկանող Nissan Bluebird մակնիշի, ոստիկանության Չարբախի բաժանմունքի հաշվեկշռում հաշվառված ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային և 30-ամյա Ռոմիկ Ավագյանին պատկանող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ոստիկանության Չարբախի բաժանմուքի ծառայողները:
Օպերատիվ են գործել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Մայիս Բաբայանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները:
Օպերատիվ է գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայրում հավավքածներն ասում էին,որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանը:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը և տեղում կատարել ուժեցացված ծառայություն, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, քանի որ վթարի հետևանքով ճանապարհը դարձել էր երթևեկի համար միակողմանի:
Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է . հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ;
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:
Ոստիկանությունը պարզում է Infiniti-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: