ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն այսօր հայտնել էր, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի պաշտպանության հանձնախմբում ընդգրկվելու փաստը, ինչպես նաև ուսանողների հետ վերջին հանդիպման ընթացքում տվածս հարցազրույցը իշխանական շրջանակներում խորացրել է դժգոհությունն իր անձի նկատմամբ և, որպես հետևանք, այս երկու օրվա ընթացքում կնոջը պարտադրվել է առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի աշխատանքից ազատվել: Բացի այդ, որդին էլ, չհանդուրժելով մոր նկատմամբ անարդար վերաբերմունքը, հեռացել է ԱԱԾ-ից, չնայած չէր լրացել համակարգում նրա պարտադիր ծառայության հինգ տարին: MediaHub-ը զրուցեց ԱԱԾ նախկին տնօրենի կնոջ Հեղինե Հովհաննիսյանի հետ:
Նա 2016 թվականին էր նշանակվել Արաբկիր վարչական շրջանի «N 28 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն: Ասում է, որ այս տարիների ընթացքում ուժերի ներածին չափով ամեն ինչ արել է երեխաների դաստիարակությունը, խնամքը, ուսուցումը հոգևոր-կրթական, հայրենասիրական պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
«Հաստատությունը բոլոր միջոցներով զերծ եմ պահել հնարավոր կոռուպցիոն երևույթներից, ինչպես նաև քաղաքական քարոզչությունից, չի եղել գեթ մեկ դեպք, որ իմ վերաբերյալ արատավոր կասկածներ շրջանառվեն կամ հաստատությունը ծառայեցվի իմ անձին կամ իմ աշխատանքը դրական չգնահատվի անմիջական ղեկավարությանս և քաղաքային իշխանությունների կողմից»,-ասաց նա: Հովհաննիսյանը նշեց, որ համայնքապետարանը 27.09.22թ. իր հետ վերակնքել է աշխատանքային նոր պայմանագիր, ինչը վկայում է, որ ինքը պատրաստ է եղել նույն նվիրումով շարունակել աշխատանքը:
«Սակայն երկու օր առաջ իմ առջև առանց որևէ օբյեկտիվ պատճառի, օրինական հիմքի, ամենայն հավանականությամբ ամուսնուս անձով պայմանավորված, խնդիր է դրվել սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից, ինչին համաձայնվել եմ, քանի որ խորը գիտակցում ունեմ երկրում տիրող մթնոլորտի, ստեղծված իրավիճակի մասին: Ինքս այլևս ցանկություն չունեմ այս իշխանության հետ աշխատել, որի համար էլ չեմ դիմում դատական պաշտպանության: Այս ամենով պայմանավորված` ԱԱԾ-ից ազատվելու դիմում է ներկայացրել նաև որդիս»,-տեղեկացրեց Հեղինե Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ չէր բարձրաձայնի այս ամենի մասին, պարզապես վստահ է, իրականությունը ներկայացնելը կօգնի զերծ մնալ հնարավոր ասեկոսեներից, բամբասանքներից: