30 Մայիսի, 2023
Տեղեկացրել ենք, որ տելեգրամյան մի քանի ալիքներ տեսանյութ էին հրապարակել, որտեղ պարեկների մասնակցությամբ իրարանցում էր, հրմշտոց, լսվում էին գոռգոռոցներ։ Աղմուկն այնքան բարձր էր, որ հայտնի չէր ով ում հետ էր վիճաբանում։ Դեպքը տեղի էր ունենում ուշ ժամի, այնքան մութ էր, որ նույնիսկ կռահել չէր լինում, թե որ տեղանքում է։

Տեսանյութը մեծ անհանգստություն էր առաջացրել գյումրեցիների մոտ կեսգիշերին անգամ սոցհարթակում հետաքրքրվում էին, թե ինչ է կատարվում այս քաղաքում։ Ոմանք իրենց լսածն էին փոխանցում, թե միջադեպը ծագել է մեքենաների մգեցված ապակիների շուրջ, ոմանք էլ նշում էին, որ գյումրեցիները փորձել են հանդարտեցնել ռուս հղի կնոջը ծեծող ամուսնուն, միջամտել են նաև թաղի տղամարդիկ ու պարեկները։

Aravot.am-ը ճշտեց, որ դեպքը տեղի է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկի մասնակցությամբ։ Մեր տեղեկություններով, վերջինս իր կնոջ հետ հյուրընկալվել է ընկերոջ տանը ընտանեկան խնջույքի, որի ընթացքում տանտերը գինովցել է, իրեն կոռեկտ չի պահել։ Հյուրընկալված պայմանագրային զինծառայողը տանտիրուհուն է խնդրել կարգի հրավիրել ամուսնուն, որը, սակայն, դուր չի եղել ի՛ր կնոջը, դարձել է խանդի թեմա։ Կինը սկսել է վիճաբանել ամուսնու հետ, ամուսինն ապտակել է։ Կինը, որն, ի դեպ, իրոք հղի է, վրդովված փորձել է զանգահարել ոստիկանություն, սակայն ամուսինը ձեռքից վերցրել է հեռախոսը ասելով ես ինքս կզանգահարեմ։

Ամուսինը զանգահարել է ոստիկանության օպերատիվ-արձագանքման կենտրոն, դեպքի վայր են շտապել պարեկները, բայց քանի որ ամուսինների վեճն ու կռիվը տեղափոխվել էր փողոց, փորձել են միջամտել նաև թաղամասի տղամարդիկ։ Նրանցից ոմանք սկսել են հայհոյել կնոջը նեղացնող, ապտակող ամուսնուն։ Պարեկները, որոնք գնացել են դեպքի վայր ամուսիններին ոստիկանություն հրավիրելու, թաղի մարդկանց հրահանգել են հանգիստ պահել իրենց, սակայն նրանք իրենց միջամտությամբ ավելի են թեժացրել վեճը։ Ինչպես երևում էր տեսանյութում իրարանցում էր, գոռգոռոցներ։ Պարեկներն ռուս ամուսիններին հրավիրել են ոստիկանության Մուշ բաժին, որտեղ, մեր տեղեկություններով, նրանք ցուցմունք են տվել պատմելով մանրամասներ խնջույքի, խանդի տեսարանի ու ոստիկանություն զանգահարելու որոշման մասին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ միայն փոխանցեցին, որ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար վարչական ձերբակալման են ենթարկել Գյումրու զինվորական 8-րդ թաղամասի 6 տղամարդ։ Ու քանի որ ռուսական պայմանագրային զինծառայողի մասնակցությամբ միջադեպի քննությունը հայ իրավապահների տիրույթում չէ, մեր տեղեկություններով, այն փոխանցվել է ռուսական կողմին ՌԴ զինվորական քննչական մարմնին։

Նշենք, որ համացանցում այլ տեսանյութեր ևս հայտնվել են, որտեղ ռուսերենով հնչում է ինչ է կատարվում, օգտատերերից ոմանք գրում էին, թե ռուս ամուսինների վիճաբանությանը միջամտելիս ռուս տղամարդը կրակել է, սակայն իրավապահները կտրականապես հերքում են։ Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել ոչ թե երեկ, այլ նախորդ օրը։

Լրահոս