«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մարտի 6-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 1994 թվականին ծնված Րաֆֆի Մանդալյանը դյուրավառ շշեր էր նետել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքի ուղղությամբ։ Դեպքից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության հոդվածով։
Մանդալյանը նշել է, որ իր գործողությամբ փորձել է ցույց տալ, որ «բոլորը անտարբեր չեն»։ Նրա նպատակը եղել է, իր ձևակերպմամբ, կոտրել հասարակական լռությունը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ քաղաքացիների մի հատվածը լրջորեն մտահոգված է երկրի ապագայով։
Ըստ նույն աղբյուրների՝ նա կանխամտածված կերպով ԱԱԾ վարչական շենք է գնացել ոչ աշխատանքային ժամին՝ փորձելով բացառել մարդկային վնասները և միաժամանակ ապահովել իր ուղերձի հրապարակայնությունը։
Իր իսկ բացատրությամբ՝ այդ քայլին գնացել է «ինքնազոհության պատրաստ լինելով», միայն թե իր ասելիքը հասնի հանրությանը․ «Բոլորը չէ, որ անտարբեր են հայրենիքի ճակատագրի նկատմամբ»։
Դատարանում ևս նա բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ ներկաներին ուղղելով հետևյալ հարցը․ «Հայրենիքը վտանգի տակ է, միթե դուք չեք անհանգստանում»։
Նշենք, որ պաշտպանական կողմը բազմաթիվ բողոքներ է ներկայացրել վերադաս դատախազին, Մարդու իրավունքների պաշտպանին և այլ կառույցների։ Սակայն, ըստ տեղեկությունների, նախաքննական մարմինը, դեռևս չունենալով անգամ վերադաս դատախազի պատասխանը, հապճեպ կերպով հայտարարել է նախաքննության ավարտի մասին։
Ավելին, Րաֆֆի Մանդալյանի հայրը ևս դիմել էր իրավապահներին՝ խնդրելով որդու նկատմամբ խիստ մոտեցում չցուցաբերել՝ ընդգծելով, որ ահաբեկչության որակումը չափազանց ծանր հետևանքներ կարող է ունենալ նրա համար։ Սակայն բողոքներն ու միայնակ մնացած հոր խնդրանքները, ըստ էության, անարձագանք են մնացել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ կալանավորված Րաֆֆի Մանդալյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Նա մասնագիտությամբ անասնաբույժ է»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: