18 Հոկտեմբերի, 2022

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը» բազմամարդ էր: Ներկաներն ակտիվորեն քննարկում էին կարևոր իրադարձությունը, որի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 14-ին, իսկ եթե ավելի հստակ՝ դեռևս 2013 թ.-ին: Նույն թվականից ի վեր Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Armenia) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն իրականացնում են «Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Զարգացման բանկի միջոցով, WWF Գերմանիայի, Կովկասի բնության հիմնադրամի (CNF) աջակցությամբ։ Մինչև 1954 թ.-ն ազնվացեղ եղջերուն լայնորեն տարածված է եղել Հայաստանի հյուսիսային, արևել յան և հարավային անտառներում: Հետագայում որսագողության և անտառների հատման հետևանքով եղջերուի այս տեսակն աստիճանաբար սկսում է անհետանալ մեր երկրի տարածքից: Եղջերուն Հայաստան է վերադառնում 2018 թ.-ին: Ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագրի շրջանակներում Իրանից Հայաստան է տեղափոխվում 14 առանձնյակ, որից երեքը նվիրաբերել է բարեկամ Իրանը:

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնում բազմացնում և բնություն են ազատ արձակում եղջերուներին: 2022 թ.-ի դրությամբ կենտրոնում ծնվել է 21 ձագ։ Առաջին 3 առանձնյակի բացթողումը բնություն իրականություն դարձավ հոկտեմբերի 14-ին: Հավաքվածները մեծ էկրանի միջոցով կարողացան հետևել եղջերուների՝ բնության մեջ հայտնվելու կարևոր պահին: Այն անընդհատ ձգձգվում էր, սկզբում դուրս եկավ արուներից մեկը, իսկ հետո էգն ու մյուս արուն միաժամանակ: Ի դեպ, պարզվեց, որ Զինան «կանացի» համառություն է դրսևորում կամ էլ գուցե բնավորությունն է ի ցույց դնում՝ իրեն սպասել է տալիս:

Պարզվեց նաև, որ մեկ շաբաթ առաջ նրան բավականին դժվարությամբ են ռադիովզկապ ամրացրել, տանջել ու հոգեհան է արել պարկի աշխատակիցներին, բայց արդյունքում կարողացել են գործը գլուխ բերել: Ի դեպ, հենց այս վզկապների միջոցով համապատասխան գերատեսչությունները մշտապես տեղյակ կլինեն, թե որտեղ են եղջերուները և նրանց հետ ամեն բան կարգի՞ն է, թե՞ ոչ:

Պաշտոնյաները պնդում են՝ խիստ են լինելու որսագողերի նկատմամբ, նրանք են եղջերուների համար առաջին վտանգը ներկայացնում, երկրորդ տեղում չորսոտանի գիշատիչներն են: Նախարար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասում է՝ կենդանիներին բնություն ուղարկելը մեկ բան է, նրանց պահպանությունը՝ մեկ այլ գործ: «Անհանգստացնող է այն, որ տարիներ առաջ հիմնականում մարդու գործունեության հետևանքով են տարբեր կենդանիների տեսակներ վերացել, ըստ էության, խախտվել է ամբողջ բալանսը:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: 

 

kotayk

Լրահոս