1 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրացավ ուղիղ 7 տարին այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանը 2018 թ. մարտի 31-ին սկսեց իր քայլարշավը Գյումրուց դեպի Երևան: Այդ քայլքն «ավարտվեց» 2018 թ. մայիսի 8-ով…

Կա տեսակետ, որ հիմա էլ Գյումրուց պիտի սկսվի իշխանափոխությունը՝ Փաշինյանի իշխանազրկումը: Թեպետ կա նաև տպավորություն, որ կարծես մի փոքր վաղ է՝ նման միանշանակ հետևություններ անելու համար, բայց ամենևին վաղ չէ որոշ ամփոփումներ անել Փաշինյանի քայլարշավի ու դրա յոթնամյա հետևանքների հետ կապված:

Ի՞նչ ունենք (ավելի ճիշտ կլիներ ասել՝ ինչեր չունենք) դրանից 7 տարի անց:

Արցախի խնդրով բանակցային գործընթացի տապալում, «վերելակային դիվանագիտություն»՝ «ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք», ու պատերազմ, թշնամական ագրեսիվ նկրտումների լեգիտիմացում:

Ավելի քան 4000 զոհ՝ 44-օրյա պատերազմում, տարածքային լուրջ կորուստներ, էլի՝ տարածքային կորուստներ՝ առանց կրակոցի, Արցախի շրջափակում, Արցախի ուրացում՝ Փաշինյանի և իր իշխանության կողմից: Որպես հետևանք՝ Արցախի կորուստ ու հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ տոտալ հայաթափում, հայկական պատմամշակութային ահռելի ժառանգության հուշարձանների ինտենսիվ ոչնչացում թշնամու կողմից:

Հայոց ցեղասպանության ուրացման գերթափանցիկ ակնարկներ, գործնականում՝ ուրացում և Հայաստանի արտաքին-քաղաքական առաջնահերթություններից ցեղասպանության ճանաչման հարցի դուրս բերում:

Բուն Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքների զավթում, էլի՝ հարյուրավոր զոհեր, նորից հանձնում, այս անգամ՝ «սահմանազատման, սահմանագծման» անվան տակ:

Անվտանգային սպառնալիքների ավելացում ու ահագնացում:

Աղքատության խորացում:

Պետական պարտքի կրկնապատկում:

Թմրամոլության, խաղամոլության, հանցագործությունների շոշափելի աճ:

Կոռուպցիայի արմատավորում:

Դատական իշխանության անկախության նախադրյալների ոչնչացում և ենթարկեցում գործադիրին:

Պետական, այդ թվում՝ իրավապահ ամբողջ համակարգի ծառայեցում մեկ անձի քմահաճույքներին ու շահերին:

Արժեհամակարգային խեղաթյուրում, պատերազմ Հայ առաքելական եկեղեցու դեմ, Հայոց պատմության դեմ, ազգային բոլոր արժեքների դեմ:

Եվ այլն, և այդպես շարունակ:

Իսկ դրական ինչ-որ բան գտնելը դժվար է, չափազանց դժվար, եթե չասենք՝ անհնար: Լավ, համոզեցիք, ասֆալտ են անում…

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս