«Փաստ» օրաթերթը գրում է.
Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:
Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:
Հետո 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե «Արցախը Հայաստան է, և վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:
Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:
Բայց նույնիսկ դրանից հետո 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր «անջատում հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:
Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:
Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր…