«Հրապարակ» օրաթերթը գրում է.
ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, «քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման կարեւորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ գլոբալ զարգացումների շուրջ, ընդգծվել է կայուն եւ տեւական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը»։
Զելենսկին պատրաստակամություն է հայտնել՝ շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, եւ ներկայացրել է Ուկրաինայի հնարավորությունները՝ տարբեր նշանակության անօդաչու սարքերի արտադրության ոլորտում։
Պայմանավորվել են շարունակել խորհրդատվություններն այդ թեմայի շուրջ։ Մեզ հաջողվեց պարզել, որ 2025 թ. ամռանը ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումներն Ուկրաինայում ԱԹՍ-ների օգտագործման կարճատեւ պատրաստություն են անցել, ինչն էլ հենց նկատի է ունեցել Ա. Գրիգորյանը։