5 Փետրվարի, 2022

Երեկ՝ փետրվարի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:55-ի սահմաններում, Իսակովի պողոտա և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 43-ամյա Գայանե Ս.-ի վարած Renault մակնիշի, Արմավիրի մարզի բնակիչ, 25-ամյա Գոռ Խ.-ի վարած Mazda մակնիշի, Երևանի բնակիչներ, 66-ամյա Ոսկան Գ.-ի վարած Nissan մակնիշի, 42-ամյա Էդիկ Բ.-ի վարած Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Ռաֆիկ Բաղդասարյանի Volkswagen մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ, 43-ամյա Զոհրապ Ա.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Սամվել Կոստանդյանը, Սամվել Հակոբյանը, Ռուսլան Միզրոյանն ու Վարդան Նիկոլյանը:

Պարեկների օպերատիվ և ճիշտ գործողությունների արդունքում ճանապարհը մնացել է երթևեկելի, հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չէին կայանում վթարի վայրում: Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

kotayk

Լրահոս