21 Նոյեմբերի, 2022

Դատախազությունը հայտնում է, որ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ և նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Երեք մեղադրյալներին մեղադրանք է ներկայացրել. նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: Ըստ մեղադրանքի 2017-ի հունիսին «Յանս»-ի տնօրենը աշխատակիցներից տեղեկացել է, որ համալիրի գլխավոր հաշվապահը հաճախորդներից ստացված որոշակի գումարներ ռեստորանի դրամարկղ չի մուտքագրել և այդ մասին հայտնել է Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը, որոնք էլ որոշել են բռնություն գործադրելու սպառնալիքներով հաշվապահից շորթմամբ պահանջել և ստանալ առանձնապես խոշոր չափերի 40 մլն դրամ գումար:

«Հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով նույն ժամանակահատվածում տնօրենը, Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ շորթմամբ, առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, հիշատակելով Ղազարյանի ՀՀ երրորդ նախագահի անվտանգության պետի պաշտոնը զբաղեցնելու հանգամանքը պահանջել են 40 մլն դրամ գումար, իսկ պահանջը չկատարելու դեպքում սպառնացել են ոտնձգություն կատարել հաշվապահի և նրա որդու կյանքի ու առողջության նկատմամբ:

Բռնություն գործադրելու սպառնալիքներով զուգորդված պահանջի արդյունքում հաշվապահը հարկադրված գրավադրել է իր ոսկյա զարդերը, մտերիմներից պարտքով վերցրել գումարներ, վաճառել բնակարանը և 2017-ի հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարազատների միջոցով նրանց փոխանցել պահանջված ընդհանուր 40 մլն դրամը»,- նշում են Դատախազությունից։

Լրահոս