10 Հուլիսի, 2021

Աֆղանական պատերազմի վետերան Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անհրաժեշտության դեպքում անպայման պետք է միջամտեն Տաջիկստան-Աֆղանստան սահմանին ստեղծված իրավիճակին և պաշտպանեն ՀԱՊԿ անդամ Տաջիկստանի սահմանները Աֆղանստանում ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո առաջացած անկայունությունից: Իսկ եթե որոշում ընդունվի ռազմական օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ պետությանը՝ Հայաստանը, անկախ ամեն ինչից, պիտի կատարի ՀԱՊԿ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Տեր-Գրիգորյանցը մեկնաբանեց թեմային առնչվող հարցերը՝ հիշելով իր ռազմական փորձը Աֆղանստանում և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը համեմատելով 1980-ականների շրջանի հետ:

«Հարձակումը Տաջիկստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա: Տաջիկական ուղղությամբ այժմ ամենաբարձր կարգի թշնամիներ են: Նկատի ունեմ թե՛ թալիբներին և թե՛ «Իսլամական պետությանը»: Սա շատ լուրջ թշնամի է: Եվ եթե նրանք ներթափանցեն Տաջիկստան՝ հարվածը Ռուսաստանի թիկունքից անխուսափելի է», – ասաց գեներալը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրք պիտի բռնի Հայաստանը, եթե ՀԱՊԿ-ի շրջանակներում որոշվի ռազմական օգնություն ցույց տալ Տաջիկստանին, Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծիք հայտնեց, որ ինչ էլ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները «առանց որևէ մեկից նեղանալու»:

«Եթե անհրաժեշտ լինի՝ Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները: Բայց, կարծում եմ, բանը դրան չի հասնի, քանի որ Տաջիկստանում հսկայական քանակով ռուսական զորքեր կան», – նշեց մեր զրուցակիցը:

Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը որոշում է ստորագրել Աֆղանստանի հետ սահմանի պահպանության նպատակով պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի մոբիլիզացնելու մասին:

Այս շաբաթ Տաջիկստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ Աֆղանստանի հետ իր սահմանը պաշտպանելու հարցում օգնության համար:

kotayk

Լրահոս