4 Հուլիսի, 2021

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը դեռ hստակ որոշում չունի՝ վերցնե՞ն մանդատներն ու գնա՞ն խորհրդարան՝ Փաշինյանի գլխավորած Ազգային ժողովում ընդդիմություն աշխատելու, թե՞ հրաժարվեն իրենց բաժին հասած նման ճակատագրից և պայքարի այլ ուղի բռնեն: Ամեն դեպքում, դաշինքի անդամների, այդ թվում անձամբ Քոչարյանի հայտարարություններից ու ելույթներից ակնհայտ զգացվում է, որ հակված են վերցնելն մանդատներն ու գնալ ընդդիմություն աշխատել նոր ԱԺ-ում: Չնայած, հիշեցնենք, Քոչարյանը բառացի խոստացել էր, որ ընտրություններից հետո ինքն անպայման իշխանության է գալու:

Բայց վերջնական որոշում դեռ չունեն և մանդատները վերցնելու մասին դեռ չեն շտապում հայտարարել, քանզի դիմել են Սահմանադրական դատարան և սպասում են ՍԴ-ի կայացրած որոշմանը՝ ընտրությունները կեղծված լինել-չլինելու վերաբերյալ:

Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը «Հրապարակ»-ի հարցին՝ վերցնելո՞ւ են մանդատները, թե՞ ոչ, ասաց՝ ՍԴ-ի որոշումը հրապարակելուց հետո անպայման կհայտարարեն այդ մասին, և հանրությունը կիմանա:

Այսինքն՝ վերջնակա՞ն չէ ԱԺ գնալու որոշումը, Սողոմոնյանը նորից նույնը կրկնեց. «Ես ամեն ինչ ասացի, Սահմանադրական դատարանի որոշումը հենց լինի, անմիջապես կհայտարարենք» :

Դիտարկմանը, թե իր թիմակիցները չեն հերքել, որ կվերցնեն մանդատներն ու կգնան ԱԺ, Սողոմոնյանն ասաց. «Բան չեմ կարող ասել, ես էլ չեմ ուզում իրենց հերքել, ինչ կա էս պահին, դա է»:

kotayk

Լրահոս