29 Հունիսի, 2021

Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ԱԺ արտահերթ ընտրություններին հաջորդած հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը համագործակցության առաջարկ էր ներկայացրել քաղաքական դաշտի դերակատարներին:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով վարչապետի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանը նույնպես հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, փաստաբան Գուրգեն Գրիգորյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք իրենց թիմը պատրաստ է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ:

Կուսակցության ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածուն պատասխանեց, որ իրենց համար անընդունելի է վերջինիս պահվածքը.« Ես և մեր թիմը բոլորովին չենք ընդունում Տիգրան Արզաքանցյանի այդ քայլը: Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքսեղմումը պայմանավորված է եղել իր անձնական հարցերի լուծմամբ: Այն չի բխում իմ և մեր թիմի գաղափարական սկզբունքներից, հետևաբար մենք չենք կարող այն ընդունելի համարել»,-ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ թեև իրենք առաջադրվել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակով, սակայն չեն հանդիսանում կուսակցության անդամ:

Գրիգորյանի խոսքով՝ իրենց փաստաբանական թիմը, մասնավորապես, հետպատերազմյան շրջանում զբաղվել է նաև այն քաղաքացիների իրավական հարցերով, որոնք իրենց քաղաքացիական պահանջն իրացնելիս ոստիկանության աշխատակիցների կողմից բռնի կերպով բերման են ենթարկվել ոստիկանության տարբեր բաժիններ:

Նկատենք, որ օրեր առաջ Հայաստանի դեմոկրատական կուսակցության  նախագահ Արամ Սարգսյանը ևս հայտարարեց, որ իրենք չեն կարող մեկ օրում 180 աստիճանով փոխել իրենց մոտեցումները և գործող իշխանության հետ համագործակցելու որոշում կայացնել:

Ըստ նրա՝ դա եղել է Արզաքանցյանի կողմից մասնավոր հանդիպում, և կուսակցության անունից որևէ մեկը արտոնված չէ նման հանդիպման:

Հայտարարության հղումը՝ aravot.am https://www.aravot.am/2021/06/23/1200566/?fbclid=IwAR1oA8h36bDWbyMDCkFe7s6tGni445WbVqp3mIcczz5lAxnusUPEN9XPkts

 

 

kotayk

Լրահոս