17 Դեկտեմբերի, 2020
Սյունիքում այս պահին լարված իրավիճակ է։ Թշնամին մեկ օր ժամանակ է տվել, որպեսզի կապանցիները հանձնեն Կապանի համար կարևոր նշանակության մի քանի դիրք։ Եվ հիմա կապանցիները ոտքի են ելել, փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհն ու պահանջում են, որ որևէ մեկը գա և բանակցի ադրբեջանցիների հետ։

Կապանի բնակիչներից Էրիկ Փարսադանյանը Hraparak.am-ի հետ զրոյցում ասել է, որ Կապանում մարդիկ խուճապի մեջ են, բոլորը հիմա գործողություններ են անում՝ մեծից փոքր։

«Մարդիկ շատ խուճապի մեջ են, ոտքի են ելել, ճանապարհ են փակել, որովհետև մեզ ժամանակ են տվել, որ մեր Կապանի օդանավակայանից մոտ 60 մետր հեռավորության վրա պիտի գան իրենք։ Ու Կապան քաղաքը դառնում է սահմանամերձ, ամենամոտը իրենց»,-ասաց նա։

Հարցին՝ պետական իշխանությունից որևէ մեկը կա՞, որ փորձում է խառնվել, բանակցել, խնդրին լուծում տալ։

«Մարզպետն ա եկել, բայց մարզպետը ոչ մի հարց չի կարում կարգավորի։ Մարզպետին էլ խնդրել ենք, որ ինքն իր վերադասին ներկայացնի իրավիճակը, որ Կապանը շատ լուրջ վտանգի մեջ է»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նաև ասել է, որ այն հատվածում, որտեղ պետք է գան տեղակայվեն ադրբեջանցիները, այդ տարածքում Կապանից խաղաղ բնակչություն կա ու հիմա այդ խաղաղ բնակչությունն իր տները քանդում է, որ դուրս գա տարածքից։ Խոսքն օդանավակայանին հարող տարածքի մասին է՝ մոտ 50-60 մետր հեռավորության վրա։

kotayk

Լրահոս