12 Հուլիսի, 2021

Այսօր՝ հուլիսի 12-ին, հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի խոսքերն ընտրախախտումների հետ կապված և հարց ուղղեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին։

«Պարոն Մուկուչյան,Դուք ասում եք, որ ընտրությունների արդյունքում տեղի չեն ունեցել աննախադեպ քանակի ոչ ընտրակաշառքներ, ոչ ընտրախախտումներ: Բայց հարց տամ՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 2021 թվականի հունիսի 19-ի հայտարարում է՝ տեղի են ունեցել և արդեն իսկ բացահայտված են աննախադեպ քանակի ընտրակաշառքի դեպքեր և աննախադեպ քանակի ընտրական այլ խախտումներ:

Ուզում եմ հասկանալ՝ ձեր բոլոր պնդումները և պետության ամենաինֆորմացված մարդու այս արտահայտությունն ընտրությունից մեկ օր առաջ՝ ինչպե՞ս համադրեմ: Ընդ որում, հաշվի առեք, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է գրեթե բոլոր ընտրություններին, խայտառակ է որակել 2008-ի, 2013-ի, 2017-ի ընտրությունները: Եթե այս պահին հայտարարում է աննախադեպ խայտառակ, սա նշանակում է, որ այս ընտրությունների խայտառակությունը մի քանի անգամ ավելի շատ են, քան նախկին բոլոր ընտրությունները»,- ասաց Արտակ Գալստյանը:

Նա նկատեց, որ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, համատարած բաժանվել է ընտրակաշառք և այլն:

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Ես իմ պնդումները, որոնք ներկայացրել եմ հանձնաժողովի անունից, ըստ էության պնդում եմ»:

 

kotayk

Լրահոս