Բանջարեղենի և մրգերի գները 2017 թվականի համեմատ այս տարի նվազել են, փոխարենը բարձրացել է մսի և կարագի գինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
«2017 թվականի համեմատ այս տարի բանջարեղենի և մրգերի գներն ընդհանուր առմամբ 22 տոկոսով նվազել են: Մսի և կարագի գներն, ընդհակառակն, աճել են: Միսը նախորդ տարվա համեմատ 12.4 տոկոսով թանկացել է, իսկ 2018 թվականի հուլիս ամսվա համեմատ 9.6 տոկոսով: Կարագը 36 տոկոսով թանկացել է, եթե համեմատենք 2017 թվականի հետ, իսկ նախորդ ամսվա հետ 34 տոկոսով»,- նշեց Պողոսյանը:
Նրա պնդմամբ եթե ընտանեկան բյուջեի 25 և ավելի տոկոսը ծախսվում է սննդի վրա զարգացած երկրներում աղքատության նշան է համարվում: Պողոսյանը շեշտեց, որ Հայաստանում սննդամթերք գնելու համար ընտանեկան բյուջեի 65 տոկոսն է ծախսվում:
13