18 Մարտի, 2021
Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներ.
Մարտի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել է Սարուխան, Կարմիրգյուղ և Նորատուս համայնքներում:Համայնքապետարանների շենքերում մարզպետը հանդիպումներ է ունեցել համայնքների ղեկավարների, ավագանիների, մարզային և համայնքային ենթակայության կրթամշակութային և առողջապահական հաստատությունների տնօրենների և համայնքի ակտիվի հետ:

Գնել Սանոսյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ Գեղարքունիքի մարզպետարանի և «Թումո» կենտրոնի համագործակցության և պայմանավորվածության արդյունքում իրենց համայնքներում առաջիկայում կտեղադրվեն Թումո տուփեր, որոնք հնարավորություն կտան տվյալ համայնքների , ցանկության դեպքում նաև հարևան համայնքների դպրոցականներին օգտվել տուփի ծառայություններից և ձեռք բերել նոր գիտելիքներ:

Մարզպետն առաջարկել է համայնքների ավագանիների և ակտիվի հետ կազմակերպել քննարկումներ, ընտրել տուփի գործարկման համար պահանջվող չափանիշներին համապատասխան վայր և ներկայացնել մարզպետարան:

Այնուհետև Գնել Սանոսյանը խոսել է այս տարի տվյալ համայնքներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին, առաջարկել է ակտիվ գործունեությամբ բարձրացնել ավագանու ինստիտուտի դերը համայնքներում:

«Նման բաց քննարկումները միտված են նաև համայնքային առավել հրատապ խնդիրների վերհանմանը և դրանց արդյունավետ լուծում գտնելուն:

Ես առաջարկում եմ ակտիվ փոխգործակցություն ապահովել համայնքապետարանների, հանրակրթական դպրոցների և համայնքային ենթակայության կառույցների միջև, ինչից կշահեն մեր համայնքների բնակիչները:

Հետպատերազմյան իրավիճակում փորձեք ամեն մեկդ ձեր ոլորտում ակտիվ գործունեություն ծավալել, բարձրացնել մտահոգող խնդիրները և ներկայացնել համապատասխան կառույցներին։

Եղեք նախաձեռնող և նպատակասլաց, որպեսզի բոլորս միասին աջակցենք մեր երկրի շենացմանն ու հզորացմանը:

Կանգնեք զոհված, անհայտ կորած և վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքների կողքին, լսեք նրանց խնդիրները, որպեսզի փորձենք համատեղ աջակցել նրանց»,- նշել է մարզպետը:

Սարուխանի համայնքի ղեկավար Լևոն Աբրահամյանը բարձրացրել է համայնքի ջրամատակարարման վիճակի բարելավման հարցը, թիվ 1, 2 և 3 միջնակարգ դպրոցների տնօրենները ներկայացրեցին դպրոցական շենքի տանիքի վերանորոգման, դպրոցական ճաշարանի և սանհանգույցների կառուցման խնդիրները:

Գնել Սանոսյանը խոստացել է իր աջակցությունը նշված խնդիրներին լուծում տալու համար:

Կարմիրգյուղում կայացած հանդիպման ընթացքում շոշափվել է Գավառագետի Կարմիրգյուղով անցնող որոշակի հատվածի մաքրման անհրաժեշտության խնդիրը, մտքեր են փոխանակվել համայնքային ենթակայության մշակութային հաստատությունների աշխատակիցներին սոցիալական փաթեթի շահառուների ցանկում ներգրավելու, համայնքում հյուրատներ ստեղծելու գաղափարի շուրջ:

Գնել Սանոսյանը խոստացել է աջակցել նաև Նորատուսի թիվ 1, 2 և 3 միջնակարգ դպրոցների տնօրենների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին դպրոցական շենքի կենտրոնական ջեռուցման ապահովմանը, խորքային հորի եւ սանհանգույցների կառուցմանը, դպրոցի բակի ասֆալտապատմանը:

Լրահոս