27 Փետրվարի, 2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Ռուսաստանին և Ուկրաինային։ Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը։

«Մենք մեր տարածաշրջանում հերթական պատերազմի ականատեսն ենք։ Նախագահ Էրդողանը պատրաստ է որպես միջնորդ հանդես գալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, քանի որ մենք ամուր հարաբերություններ ունենք երկու երկրների հետ», – գրել է Ալթունը Twitter-ում։

Թուրք պաշտոնյան գրել է, որ Անկարան «դիվանագիտական մակարդակով ամեն ինչ արել է, որ կանխի ներկա իրավիճակը»:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի համակարգը բարեփոխելու մասին Թուրքիայի կոչերն անտեսվել են, ու հիմա բոլորը տեսան դրա սարսափելի հետևանքները։
Ալթունը կարծում է, որ այս պատերազմից կարելի էր խուսափել, եթե Անկարայի կոչերին լսող լիներ։

«Մենք բազմիցս դիվանագիտական լուծման կոչ ենք արել, բայց հիմա պատերազմը մեր առջև կանգնած է որպես իրականություն։ Տարածաշրջանային ու գլոբալ մի շարք հարցերի շուրջ միջազգային հանրության միասնականության բացակայությունը լուրջ խնդիր էր, այդպես է նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի ժամանակ», – նշել է Ալթունյանը։

Էրդողանի վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ բազմաթիվ ենթադրություններ ու մեկնաբանություններ կան:

«Թուրքիայի դիվանագիտական քայլերը և դրա համակարգումն իր դաշնակիցների հետ միշտ ուղղված են հակամարտության արագ և խաղաղ կարգավորմանը։ Թող ոչ ոք չկասկածի դրանում։ Թուրքիան հավատում է յուրաքանչյուր ճգնաժամում դիվանագիտության կառուցողական ու ստեղծարար ուժին և փորձում է առավելագույնս օգտագործել բոլոր դիվանագիտական հնարավորությունները», – ասել է Ալթունը։

kotayk

Լրահոս