18 Դեկտեմբերի, 2021

ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հատված․

«Այսօր մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ: Մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն` մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, երբ այլ առողջ քաղաքական ուժերի հետ միասին հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանալու և  կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին:

Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը և որպեսզի հստակ հասկանան՝ Հանրապետական կարող են դառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից:

Հանրապետականը այսօր իշխանություն չի ուզում, այլ՝ Հայաստանի ինքնիշխանություն:

Հավանաբար նկատել եք, որ Հանրապետականը վերջին շրջանում ակտիվ դերակատարություն է տվել հատկապես երիտասարդ կուսակցականներին: Ինչպես տեսնում եք, նրանցից երկուսը ինձ հետ միասին  մեր համագումարի վարողներն են, տասնյակ ակտիվ, նվիրյալ երիտասարդներ այստեղ դահլիճում են, հազարավորները՝ այս դահլիճից դուրս:

Չնայած Հայաստանի հանրապետական կուսակցությունը Հայաստանում գրանցված առաջին հասարակական-քաղաքական կազմակերպությունն է, այն իր կազմով երիտասարդ կուսակցություն է։ 2018 թվականից հետո մեր կուսակցության անդամության դիմում լրացրածների 50 տոկոսից ավելին երիտասարդ տղաներ ու աղջիկներ են։ Հզոր ու զարգացած Հայաստանում ապրելու երազանքի իրականացումը նրանք կապում են Հանրապետականի հետ և պատրաստ են իրենց եռանդն ու ավյունը ծառայեցնել այդ նպատակին։ Մենք իրավունք չունենք նրանց հիասթափեցնելու։ Կարող ենք  վստահաբար ասել, որ մենք` Հանրապետականը, «երիտասարդացող» կուսակցությունների շարքում է։

Եթե հիշում եք, մեր երիտասարդները անցյալ տարվա նոյեմբերի 10-ից հետո ծավալվող իրադարձությունների կիզակետում էին։

Սիրելի՛ երիտասարդ կուսակից ընկերներ, ես ձեզ խոստանում եմ, որ ցրտաշունչ ձմռանը վրանում անցկացրած ոչ մի գիշեր, հողատու իշխանությունների կողմից բռնաճնշումների ենթարկված ձեր խաղաղ անհնազանդության ոչ մի ակցիա զուր չի անցել։ Մեր ծանր, բայց պատվաբեր պայքարի առաջնագծում լինելու համար ոչ միայն ես եմ շնորհակալ, այլև տարիներ անց մեր երկրի նորագույն պատմության էջերը կարդացող գալիք սերունդները ձեզ շնորհակալ կլինեն։

Մեր կուսակցության հիմնադիր հայրերը՝ Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը և կուսակցական մի շարք ընկերներ իրենց երիտասարդ տարիների զգալի հատվածը նվիրել են ազգային ազատագրական պայքարին և պետականաշինության գործին։ Հանրապետական լինելը ծանր պատասխանատվություն է, որը ենթադրում է անձնազոհություն և աշխատասիրություն։ Դուք պարզապես պարտավոր եք անձնական օրինակով դառնալ ազգային պահպանողական արժեքների տարածողը ձեր շրջապատում։ Պահպանողականությունը հնի պաշտամունք չէ, պահպանողականությունը հետադիմություն չէ, ինչպես շարունակաբար քարոզչական հնարքներով փորձում են համոզել ձեզ՝ նպատակ ունենալով մեր ժողովրդին կտրել սեփական արմատներից: Ու նաև  հիշեք՝ այն կուսակցությունը, որի շարքերում մեծ թիվ են կազմում նվիրված ու աշխատասեր երիտասարդները, դատապարտված է հաջողության։

Երիտասարդության նկատմամբ մեր կուսակցության վերաբերմունքը արտացոլված է նաև առաջարկվող կանոնադրական փոփոխություններով, որը հույս ունեմ` կարժանանա ձեր հավանությանը: Մենք առաջարկում ենք ստեղծել կուսակցական նոր մարմին՝ ուսանողական կազմակերպություն։ Իմ գործընկերները կանոնադրական փոփոխությունները ներկայացնելիս այս հարցին ևս կանդրադառնան: Ես միայն կընդգծեմ, որ ուսանողությունը միշտ եղել է քաղաքական գործընթացների շարժիչ ուժը, և վստահ եմ, որ այդ կառույցն իր շուրջը կհամախմբի ազգային-պահպանողական արժեքներ դավանող մեծ թվով նվիրյալ ուսանողների։

Նախորդ երկու համագումարների ժամանակ իմ և մեր մյուս գործընկերների ելույթներում կարևորել էինք մեր կուսակցության քաղաքական դպրոցի ստեղծումն ու զարգացումը։ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցն այսօր արդեն ունի     700-ից ավելի ունկնդիր և շրջանավարտ (այս պահին՝ 100 ունկնդիր և 600-ից ավելի շրջանավարտ)։

Այս տարիներին մենք լուրջ ուշադրություն ենք դարձրել ոչ միայն մեր կուսակցության շարքերում, այլև հանրապետությունում քաղաքականապես գրագետ, բանիմաց և մրցունակ կադրերի պատրաստման, որակավորման շարունակական բարձրացման հարցերին: «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցը դրան մեծապես նպաստել է` դառնալով որակյալ ոչ ֆորմալ կրթության կայացած և ճանաչված հաստատություն։ Մեր դպրոցի շրջանավարտները, որ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ են, նաև անկուսակցականներ, ակտիվ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ պետական ծառայողներ, ԱԺ պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ և այլն։

Մենք շարունակելու ենք զարգացնել քաղաքական դպրոցը, որի աշխատանքը պետք է արտացոլվի հասարակության մեջ: Մենք հավատում ենք, որ Հանրապետականի հետագա հաջողությունների գրավականը պահանջկոտ և քաղաքականապես կրթված ընտրողն է։

Ինչպես գիտեք, ես բանախոսությամբ եմ հանդես եկել դպրոցի բոլոր հոսքերում։ Պետք է հերթական անգամ փաստեմ, որ մենք ունենք հոյակապ երիտասարդներ»։

AuroraNews

kotayk

Լրահոս