«1․ «Երևան» հիմնադրամը մետաղադրամներ ընդունող սարքերը ձեռք բերելու համար «Օմնիկոմմ» ՍՊԸ-ի հետ 29.01.2021 թ. կնքել է պայմանագիր, և նշված ՍՊԸ-ի կողմից ձեռք է բերվել և տեղադրվել թվով 155 սարք, նշված ՍՊԸ-ին հատկացվել է 21,855,000 (քսանմեկ միլիոն ութ հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:
2․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն մետաղադրամ ընդունող սարքերի ձեռքբերման համար կնքել է գնման երկու պայմանագիր 2021 և 2024 թվականներին։ 2021 թ. սեպտեմբերի 27-ին՝ «Նորայր Շախնազարյան Միքայելի» Ա/Ձ-ի, 2024 թ. մարտի 21-ին՝ «Ուանքլիք» ՍՊԸ-ի հետ գնման պայմանագրերով ձեռք է բերվել ընդհանուր 465 հատ սարք: 2021 թվականին գնվել է 405 հատ, որի համար ծախսվել է 67 մլն 800 հազար դրամ, 2024-ին՝ 60 հատ, 8 մլն 249 հազար 800 դրամ արժեքով: Ըստ գրավոր հավաստիացման՝ սարքերն ավտոբուսներում տեղադրվել են կնքված պայմանագրերի օրվանից 20 օր հետո և օգտագործվել են մինչև 2024թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հանրագումարի բերելով՝ փաստենք, որ անցած 4 տարում քաղաքապետարանը ձեռք է բերել 620 սարք, բյուջեից ծախսել 97,904,800 դրամ (կլորացված՝ մոտ 98 մլն դրամ կամ մոտ 250 հազար դոլար):
Ավելին, ինչպես Yerkir.am-ի հետ զրույցում միանգամայն իրավացիորեն նշել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը, քաղաքապետարանը 2024 թ. մարտին գնել է ևս 60 հատ մետաղադրամ ընդունող սարք՝ ծախսելով ավելի քան 8 մլն դրամ (տե՛ս Yerkir.am-ի՝ վերը նշված տվյալները), և սա այն դեպքում, երբ Երևանի ավագանին նույն ամսին (մարտի 12-ին) կայացած նիստով ընդունել է միասնական տոմսային համակարգի ներդրման որոշում: Ընդհանրացնելով՝ փաստենք, որ Երևանի քաղաքապետարանը 2021-2024 թվականներին (2024 թվականին՝ ընդամենը մի քանի ամսվա համար) քաղաքացիների հարկերի հաշվին վատնել է մոտ 250 հազար դոլար՝ ձեռք բերելով ու կիրառելով մետաղադրամ ընդունող 620 սարք, որոնք կա՛մ գրեթե չեն օգտագործվել քաղաքացիների կողմից, կա՛մ կիրառման վերջին երկու ամիսներին նյարդայնացրել մարդկանց: Իսկ թե ինչ կարելի էր անել Երևանի կամ սոցիալապես անապահով երևանաբնակների համար այդ պատկառելի գումարով՝ թող դատի ընթերցողը», — գրում է լրատվամիջոցը: