5 Հոկտեմբերի, 2023

ԵՄ օրենսդիրները մեղադրել են Ադրբեջանին Արցախի հայ բնակիչների նկատմամբ «էթնիկ զտումներ» իրականացնելու մեջ և հորդորել դաշինքին պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ։ Դրա մասին հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ AFP-ի՝ 120,000 էթնիկ հայերի գրեթե ողջ բնակչությունը լքել է Լեռնային Ղարաբաղը այն բանից հետո, երբ Ադրբեջանը հետ նվաճեց այն անցյալ ամիս արագ հարձակման արդյունքում:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել բանաձեւին, որտեղ ասված է, որ «ներկա իրավիճակը հավասարազոր է էթնիկ զտումների»: Բանաձևը խստորեն դատապարտում է ադրբեջանական զորքերի կողմից իրականացրած սպառնալիքներն ու բռնությունը:

Օրենսդիրները կոչ են արել ԵՄ 27 անդամ երկրներին «նպատակային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անհատների դեմ»՝ կապված Լեռնային Ղարաբաղում հարձակման և մարդու իրավունքների ենթադրյալ խախտման հետ:

Նրանք նաև հորդորել են դաշինքին «նվազեցնել ԵՄ-ի կախվածությունը Ադրբեջանի գազի արտահանումից» և Բրյուսելից պահանջել վերանայել իր հարաբերությունները Բաքվի հետ։

Բանաձևը, սակայն, որին կողմ են քվերակել 491 օրենսդիրներ, իսկ դեմ՝ 9-ը, չի պարտադրում ԵՄ-ը միջոցներ ձեռնարկել:

Չնայած դրան, ըստ AFP-ի, այն կզայրացնի Բաքվին, որը խստորեն հերքում է էթնիկ զտումների մասին մեղադրանքները և էթնիկ հայերին հրապարակայնորեն կոչ է արել մնալ և «վերինտեգրվել» Ադրբեջանի կազմում:

Եվրոպացի դիվանագետներն ասում են, որ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հարց այս պահին դրված չէ սեղանին, և հնարավոր է, որ քայլեր ձեռնարկվեն միայն իրավիճակի հետագա վատթարացման դեպքում:

ԵՄ-ն ավելացրել է իր բնական գազի ներմուծումն Ադրբեջանից, քանի որ դաշինքը հրաժարվել է ռուսական էներգակիրներից ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո:

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անցյալ տարի Բաքվի հետ կնքել է «ռազմավարական գործընկերության» պայմանագիր, որի նպատակն է ավելի քան կրկնապատկել գազի ներմուծումը մինչև 2027 թվականը:

kotayk

Լրահոս