Հատկապես վերջին մի քանի տարիներին համառորեն տարածվող ադրբեջանական կեղծ թեզերն իրենց հեռահար նպատակներն են հետապնդում: Խոսքն, առաջին հերթին, «Արևմտյան Ադրբեջան»՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է: Ըստ նախագահ Ալիևի՝ Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական, և պետք է ապահովվի ադրբեջանցիների՝ այսպես կոչված «պատմական հայրենիք» վերադառնալու իրավունքը։
Փորձ է արվում այդ կեղծ թեզերը տարածել նաև միջազգային հանրության շրջանակներում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին «ցուցահանդեսներ» և «միջոցառումներ» կազմակերպելով ոչ միայն հենց Ադրբեջանում, այլև՝ տարբեր երկրներում:
Ադրբեջանն իր այս մտացածին գաղափարների իրագործման համար ծախսում է ֆինանսական հսկայական միջոցներ։ Բացի այդ՝ վերջերս Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ։
Դեռևս 2024 թվականի մայիսի 1-ին Բաքվում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող հեռուստաընկերություն, որի հիմնական նպատակն է իրականացնել ավելի լայն քարոզչություն։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբերլին հեռուստաընկերության բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը սերտորեն աջակցում է վերջին 200 տարվա ընթացքում իրենց պատմական հողերից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրականացվող գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի ժառանգության մասին ճշմարտությունը հաղորդելուն»։
2023 թվականի հոկտեմբերին Բաքվի պետական համալսարանում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան»-ի ուսումնասիրության կենտրոնը, որի ստեղծման համար հիմք են հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու շուրջ արտահայտած մտքերն ու գաղափարները։ «Կենտրոնի գործունեությունը ներառում է միջազգային գիտաժողովների, գիտական սեմինարների, բանավեճերի անցկացում, գրքերի հրատարակում և «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի հետ ինտենսիվ կապերի ապահովում»,- նշված է բուհի հայտարարության մեջ։
Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի շենք կատարած այցելության ժամանակ հայտարարել էր․ «Ղարաբաղից բռնագաղթվածներն արդեն վերադառնում են իրենց հողերը։ Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան․․»։
Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հայեցակարգը ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քննարկման առարկա է դառնում նաև միջազգային հանրության շրջանում։ Պաշտոնական Բաքվի կողմից այս քայլերն իրականացվում են, որպեսզի Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից փակվի Արցախից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի թեման:
Սակայն, միջազգային հանրությունը գիտակցում է, որ անտրամաբանական է այդ երկու խնդիրները միմյանց հետ կապելը։ Այսպես՝ ամիսներ առաջ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, խոսելով ինչպես բռնի տեղահանված հայերի՝ Արցախ վերադարձի, այնպես էլ 1990-ական թվականներին Ադրբեջանի տարբեր քաղաքներից հազարավոր հայերի բռնագաղթի ենթարկվելու մասին, նշել էր. «Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք չպետք է խառնել։ Առաջինը՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց պապենական տներ վերադարձին նպաստելն է, որը հանդիսանում է Ադրբեջանի պարտավորությունը։ Երկրորդը հայերի հարցն է, որոնք նախկինում բնակվել են Ադրբեջանի այլ հատվածներում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, որոնք ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ ապրել են իրենք կամ իրենց ընտանիքները, նույնիսկ, ցանկության դեպքում, վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է կարգավորման հետևանք լինի, սակայն դա բացարձակապես այլ հարց է»։
Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն իր «պատմական հայրենիքը» համարող Ադրբեջանի համար անգամ իր ներկայիս տարածքը պատմական հայրենիք չի կարող համարվել: Բաքվի կեղծ քարոզչությունը, որը հիմնազուրկ է և մտացածին, պետք է առերեսվի պատմագիտական հակաքարոզչության՝ մնալով միայն Իլհամ Ալիևի երազանքների և պատրանքների տիրույթում։
Հատկանշական է, որ այս ամենը Բաքվի կողմից իրականացվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացի շրջանակներում։