4 Դեկտեմբերի, 2024
Ազգային ժողովում քննարկվեց կառավարության կողմից ներկայացված «Հանրային խորհրդի մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ասաց, որ այս նախագծով կառավարության կարևոր քաղաքական խոստումներից մեկն է կատարվում՝ Հանրային խորհրդի կազմում ձևավորվելու է փաստահավաք գործունեություն իրակաացվող հանձնաժողով։

«Այս հանձնաժողովի հիմնական գործունեությունն ուղղված է  լինելու Հայաստանում վերջին 30 տարիներին որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար  և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ փաստահավաք գործունեություն իրականացնելուն և դրանց վերաբերյալ փաստահավաք զեկույց կազմելուն»,- ասաց Դադունցը։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ այս նախագիծը որևէ առնչություն չունի Սահմանադրության հետ, այն դուրս է սահմանադրության կարգավորումներից։

«Մասնավորապես, այն լիազորությունները, որոնք վերապահվում են  հանրային խորհրդին ոչ միայն Սահմանադրության տեսակետից խնդրահարույց են, քանի որ անգամ նման լիազորություններ չունի այն մարմինը, որը ստեղծում է Հանրային խորհուրդը, նաև Հանրային խորհրդի կարգավիճակից բխող լիազորությանը չի համապատասխանում։

Հարային խորհուրդը կառավարության խորհրդակցական մարմին է և վերջ։ Սա Սահմանադրական պահանջ է։

Այս նախագծի նպատակն ընտրություններին  ընդառաջ հերթական շուոներ կազմակերպելու միջոց է դիտվելու, որևէ առնչություն չունի իրավունքի գերակայության սկզբունքի հետ։ Ինչպես առաջին ընթերցման  ժամանակ ենք ասել, մեր խմբակցությունը կոշտ դեմ է  այս հակասահմանադրական օրենքին»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Լրահոս