Հայաստանի մարզերում քաղաքականությունը վաղուց արդեն դարձել է ոչ թե գաղափարների պայքար, այլ գունափոխության արվեստ։ Ոչ թե «ով ինչ է ասում», այլ «ով որտեղ է կանգնում՝ ըստ ժամի»։ Իսկ ընդդիմադիր համայնքապետերը՝ այդ արվեստի ամենաակտիվ վարպետներն են։
Մի կողմից՝ հրապարակում ընդդիմադիր են, սուր խոսքեր են ասում, իշխանությանը քննադատում։ Մյուս կողմից՝ հարմար պահին հայտնվում են իշխանության կողքին, ժպտում, ձեռք սեղմում, համագործակցության մասին խոսում։ Եվ ամենահետաքրքիրը՝ այդ ամենից հետո վերադառնում են համայնքապետարան ու հայտարարում. «Մենք չենք փոխվել, մենք նույն ընդդիմադիրն ենք»։
Այս «երկու լարի վրա պարելու» մշակույթը դարձել է նոր նորմ։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքականությունը լարախաղացություն չէ։ Այստեղ կամ կանգնած ես մի կողմում, կամ մյուսում։ «Նեյտրալ» հասկացությունը քաղաքական դաշտում նույնքան կեղծ է, որքան «չխառնվել» արտահայտությունը։
Ի վերջո, բոլորը շատ լավ գիտեն, թե ով որտեղ է իրականում կանգնած։ Քաղաքը գիտի, գյուղը գիտի, նույնիսկ հարևան բակը գիտի։ Միայն դերակատարներն են շարունակում ձևացնել, թե խաղը դեռ բացահայտված չէ։
Այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, որտեղ իշխանությունը՝ գլխավորությամբ Նիկոլ Փաշինյան, բազմիցս ցույց է տվել, որ «յուրային» և «օտար» բաժանումը հարաբերական է։ Երբ պետք է՝ հեռացնում է իր իսկ թիմակիցներին՝ լինի դա Հայկ Սարգսյան, Նաիրի Սարգսյան, թե Վահան Քերոբյան։ Այս ֆոնին «անվտանգ նեյտրալություն» խաղալը ոչ միայն միամտություն է, այլև՝ վտանգավոր ինքնախաբեություն։
Մյուս կողմում էլ կան փողի ու ազդեցության կենտրոններ, որոնց թվում հաճախ հիշատակվում է Սամվել Կարապետյան։ Եվ այստեղ էլ նույն հարցն է՝ եթե ընտրում եք այդ կողմը, ասեք ուղիղ։ Քաղաքականությունը գաղտնի սիրավեպ չէ, որ ամեն ինչ տեղի ունենա կուլիսների հետևում։
Հատկանշական օրինակ է Առուշ Առուշանյանի վարքագիծը,մի օր կանգնում է վարչապետի կողքին, հաջորդ օրը հայտարարում՝ «ես ընդդիմադիր եմ»։ Այս երկակիությունը արդեն ոչ թե քաղաքական տակտիկա է, այլ՝ հանրային վստահության բացահայտ մաշում։
Ի վերջո, հարցը շատ պարզ է։ Եթե կանգնում եք իշխանության կողքին՝ դա ամոթ չէ։ Դա քաղաքական ընտրություն է։ Բայց ունեցեք համարձակություն դա ասել բարձրաձայն։ Եթե ընդդիմադիր եք՝ եղեք մինչև վերջ։ Բայց «ցերեկը մեկ գույն, գիշերը՝ ուրիշ» մոտեցումը վաղուց այլևս չի աշխատում։
Քաղաքական դաշտում չեն լողում, չեն սողում, չեն թաքնվում։ Քաղաքական դաշտում գործում են ուղիղ։
Mnews.am