7 Հոկտեմբերի, 2023
Sputnik Արմենիան գրում է․ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով զոհված արցախցիների մարմինների որոնման աշխատանքները դեռ չավարտված՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհին վառելիքի պահեստի պայթյունը տեղի ունեցավ` բերելով նոր աղետ. հարյուրից ավելի զոհեր, անհետ կորածներ, մի քանի հարյուր վիրավորներ․․․ Պայթյունից տուժած ընտանիքներից մի քանիսն այժմ ժամանակավոր հանգրվանել են Վանաձորում։ Սկզբում տունը կորցրին, հետո մորն ու հայրենիքը…

Օրը ցերեկով տան բակում կախված լամպը վառվում է։ Մեքենայից չենք շտապում իջնել, գիտենք՝ լավ նշան չէ։ Ծանր քայլերով տանն ենք մոտենում, դուռը բացվում է։ «Մի քանի ժամ առաջ զանգեցին։ Մահացավ…»,- ցածրաձայն ասում է մեզ ընդառաջ եկած տղամարդը, որն ընտանիքի բարեկամն է։ Նայում եմ` տղամարդու թիկունքում երկու դպրոցահասակ տղաներ են, չգիտեմ` ինչպես բարևել, ինչ ասել 9 ու 11 տարեկան տղաներին, որոնք կորցրել են հայրենիքը, տունը, մի քանի ժամ առաջ էլ` մորը… Տանն արդեն մեծի պես մեզ դիմավորում է ավագ քույրը՝ 13-ամյա Մելանյան։ Ընտանիքը Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից է Վանաձոր հասել։ Սեպտեմբերի 19-ին կռիվը սկսվեց, գյուղից դուրս չեկան։

«Հետո եկան, ժամկետ տվեցին, որ ժողովուրդը դուրս գա, որ թորքը մտնի»,- պատմում է երեխաների տատը` 67-ամյա Իռան։

Սեպտեմբերի 25-ին արդեն որդին կնոջ՝ 35-ամյա Աննմանի հետ գնաց բենզին բերելու, որ կարողանան ընտանիքը դուրս բերել Արցախից։ Պայթյունի պահին տղան մի քիչ ավելի հեռու է կանգնած եղել, ալիքը նրան մի կողմ է շպրտել, իսկ կինը ծանր այրվածքներ է ստացել։

«Ստեփանակերտի բալնիցումը գիտակցություն ուներ, մարդու հետ խոսել ա»,- աչքերը սրբելով պատմում է Իռա տատը։

Կնոջն ուղղաթիռով Երևան են տեղափոխել մարմնի 80 տոկոս այրվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Կյանքի ու մահվան կռիվը 7 օր անց ավարտվել է պարտությամբ…

Շրջափակումից դուրս եկավ իմ բալան․․․

Տանը բազմամարդ է. 19-ամյա Արսենի մահվան 7-րդ օրն է, գերեզմաններից են եկել։ Տղամարդիկ դրսում են հավաքված, կանայք ներսում են՝ տիկին Նարինեի շուրջը։

Որդեկորույս մոր հետ զրուցելուն, ճիշտ հարցեր գտնելուն չես սովորում, անգամ եթե դա անում ես ոչ առաջին անգամ…

Տիկին Նարինեն ինքն է սկսում պատմել.

«Հենց Արսենը տանը մոտենում էր, սիրտս սկսում էր մի տեսակ խփել, հիմա էլ ա սիրտս տենց խփում, հենց գիտեմ՝ հեսա իմ բալան գալու ա։ Որ երեխեն դիրքերից իջավ, տուն եկավ, մամային ասեցի՝ արդեն ֆսյո, կիրակի հասած կլինենք, մատաղ անենք, երեխեն շատ վատ տեղից եկել, հասել էր մամային»։

Տարիներ առաջ Վանաձորից է հարս գնացել Արցախ՝ Ասկերան։ Արսենը տան փոքրն էր, քույրն իրենից մի քանի տարով մեծ է։ Զինվոր դառնալուն անհամբերությամբ էր սպասում։ Սեպտեմբերի 19-ին Ասկերանն էլ էր ռմբակոծվում, տիկին Նարինեն հրաժարվեց տնից դուրս գալ, քանի դեռ մինուճար որդին տուն չէր եկել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

kotayk

Լրահոս